Image result for анкара терактр угорзаԹուրքիայում ահաբեկչական սպառնալիքը դարձյալ հասել է բավական բարձր աստիճանի: Նախորդ 2 օրերի ընթացքում նախ Գերմանիան, ապա նաև Մեծ Բրիտանիան հայտարարել էին Ստամբուլում և Անկարայում իրենց դիվանագիտական ներկայացուցչություններն անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակելու մասին. պատճառը հնարավոր ահաբեկչական հարձակումների վերաբերյալ ստացված հետախուզական տվյալներն էին:

Արդեն այսօր թուրքական իշխանությունները հայտարարել են վերոնշյալ եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրած «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական կազմակերպության 4 անդամների ձերբակալության մասին:

Չնայած դրան, այնուամենայնիվ, Թուրքիայում ահաբեկչական սպառնալիքը շարունակում է մնալ բավական բարձր մակարդակի վրա, ինչը կարելի է պայմանավորել նաև օգոստոսի 24-ից Սիրիայում թուրքական զինուժի կողմից նաև ԻՊ-ի դեմ ուղղված «Եփրատի վահան» ռազմական գործողությամբ, որի շրջանակներում արդեն թուրքական ստորաբաժանումները, սիրիական ընդդիմադիր խմբավորումների և ամերիկյան ռազմական ոլորտի մասնագետների հետ, բնականաբար կոալիցիոն օդուժի մասնակցությամբ, ծրագրում են Սիրիայում ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող երկրորդ խոշոր քաղաքի՝ սիրիա-թուրքական սահմանին գտնվող Ալ-Բաբի ազատագրման ռազմագործողությունը:

Այս համատեքստում տրամաբանական և կանխատեսելի է ծայրահեղական կառույցի կողմից պատասխան գործողությունների իրականացումն արդեն Թուրքիայի տարածքում՝ հատկապես ահաբեկչական գործողությունների տեսքով:

Հ.Գ. Սիրիայի և Իրաքի հարևան երկրների շարքում ահաբեկչական վտանգի տեսանկյունից Թուրքիան ամենախոցելին է, քանի որ տարիներ շարունակ աշխարհի տարբեր ծայրերից Մերձավոր Արևելք ժամանած «ջիհադականների» համար այդ երկրի տարածքը հանդիսացել է որպես հիմնական տարանցիկ գոտի՝ պարարտ հող և լայն հնարավորություններ ստեղծելով նաև ծայրահեղական խմբավորումների ցանցային կառույցների ձևավորման և զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել