Image result for 17 сентября 1939Պատմության մեջ այս օրը` 1939թ. սեպտեմբերի 17-ին, խորհրդային օկուպացիոն կարմիր բանակը Գերմանիայի հետ կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի համաձայն՝ հարձակվեց Լեհաստանի վրա: Այդպիսով ԽՍՀՄ-ը՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծող կողմերից մեկը, սկսեց ստանալ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով իրեն հասանելիքը: Խորհրդային օկուպացիոն բանակը բավականին արագ կերպով տիրացավ Լեհաստանի արևելյան մասերին: Սեպտեմբեր ամսին ԽՍՀՄ-ը և Գերմանիան վերջնականապես կիսեցին միմյանց միջև Լեհաստանը: ԽՍՀՄ ռազմական ինտերվենցիան և Լեհաստանի արևելյան հատվածների օկուպացումը ճակատագրական նշանակություն ունեցավ լեհերի համար: Օկուպացված տարածքներում ԽՍՀՄ-ն իրականացնում էր կարմիր տեռորի քաղաքականություն: Արդեն աշնանը սկսեցին զանգվածային ձերբակալություններ: Մինչ 1940թ. հուլիս ամիսը բոլշևիկներն օկուպացված տարածքներից դեպի սիբիրյան համակենտրոնացման ճամբարներ աքսորեցին շուրջ 400 հազար մարդու: Հետագայում մինչև 1941թ. մայիս ամիսը աքսորի ենթարկվեցին ևս շուրջ 320 հազար լեհեր: Պետք է նշել, որ Խորհրդային օկուպանտները նվաճված երկրում որպես ոչնչացման առաջնային թիրախ՝ ընտրել էին լեհ մտավորականությանը և երկրի հասարակական և ռազմա-քաղաքական էլիտային: Այդ առիթով հատկապես պետք է նշել Կատինի դեպքերը: 1940թ. մարտի 5-ի որոշմամբ հազարավոր լեհ զինվորականներ դատապարտվեցին գնդակահարության: 1940թ. գարնանը Կատինի և Սմոլենսկի անտառներում խորհրդային օկուպանտների կողմից գնդակահարվեց շուրջ 22 հազար զինվորական: Խորհրդային ղեկավարներ Ստալինի, Վորոշիլովի հետ լեհ զինվորականության դատավճռի տակ առկա էր նաև Խորհրդային Միության ամենամեծ հանցագործներից մեկի` հայազգի Անաստաս Միկոյանի ստորագրությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել