Картинки по запросу израиль азербайджанՀամաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ Ռոնալդ Լաուդերի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այցելել է Ղուբայի շրջանում գտնվող հրեաների կոմպակտ բնակության վայր՝ Կրասնայա Սլոբոդա ավանը: Պատվիրակության կազմում էին նաև Եվրասիական հրեական կոնգրեսի նախագահ Յուլիուս Մայնլը, Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կանները և այլոք:
Հոկտեմբերին էլ նախատեսված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցը Բաքու: Ադրբեջանի ու Իսրայելի միջև կապերը գնալով ամրապնդվում են ու երկու երկրների մայրաքաղաքներում որակվում որպես ռազմավարական գործընկերություն:
Հրեական տարբեր կազմակերպությունների այցերը, աշնանն էլ կայանալիք Նեթանյահուի այցը ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրացնեն: Իսրայելի նավթի ներքին սպառման քառասուն տոկոսը բաժին է ընկնում ադրբեջանական նավթին, որը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով կասպյան նավթը հասցնում է Ջեյհան նավահանգիստ, իսկ այնտեղից էլ տանկերներով նավթը հասնում է իսրայելական սպառողներին:
Ադրբեջանն էլ իր հերթին համարվում է իսրայելական զենքերի ու զինատեսակների խոշոր գնորդը, այդ թվում՝ անօդաչուներ, հրթիռներ, հրետանային համակարգեր։ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին նաև Երկաթի գմբեթ ՀՕՊ համակարգի՝ Ադրբեջանին վաճառքի մասին: Իսրայելը զգում է Հարավային Կովկասում Իրանին հակազդող, զսպող հակակշռի կարիք․ Ադրբեջանը լավագույնս համապատասխանում է այդպիսի երկրի կարգավիճակին, քանի որ ՀՀ-ն Իրանի հետ ունի ռազմավարական, բարեկամական հարաբերություններ, իսկ Ադրբեջանն ու Իրանն ունեն ավանդաբար լարված հարաբերություններ, չնայած իրականացնում են տնտեսական, էներգետիկ-տրանսպորտային խոշոր նախագծեր՝ Հյուսիս-Հարավ, էներգափոխանակման, Ադրբեջանի գազապահեստարանի օգտագործում Իրանի կողմից, ՀԷԿ Արաքսի վրա և այլն:
Իրանը շատ բացասական է վերաբերվում շիական Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական կապերի ամրապնդմանը: Իսրայելն Իրանի շուրջ կառուցում է հակաիրանական կոալիցիա, որի անդամներն են Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Ադրբեջանը, Ծոցի երկրները, Աֆղանստանում տարբեր խմբավորումները, ինչպես նաև Իրանի ներսում օգնում է քրդական, բելուջական, ադրբեջանական անջատողականությունը:
Իսրայելն ունի Ադրբեջանի էներգակիրների կարիքը․ ԹԱՆԱՊ գազամուղին կարող է միանալ նաև Իսրայելն իր գազային հանքավայրերի շահագորման պարագայում կամ նավթ ստանա Բաքու-Ջեյհանով, սակայն արդեն ոչ միայն ադրբեջանական, որի արդյունահանման ծավալները նվազում են, այլ ղազախական ու հետագայում նաև՝ թուրքմենական:
Իսրայելը միլիարդավոր դոլարների զենքեր է վաճառում Ադրբեջանին, արդիականացնում նրանց բանակը, ակտիվ աշխատում տեղի հրեական համայնքի հետ: Իսրայելում էլ բավականին ակտիվ է ադրբեջանական համայնքը: Իսրայելը չի գործում ընդդեմ ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի՝ նրանք զենք են վաճառում, քանի որ կա վճարունակ գնորդ՝ Ադրբեջանը, եթե ՀՀ-ն էլ ցանկանա զենքեր գնել Թել-Ավիվից որևէ խնդիր չպետք է որ առաջանա՝ միայն Բաքվի խանդը կամ Իրանի դժգոհությունը: Սակայն ՀՀ-ն էլ իր հերթին պետք է ակտիվ լինի ոչ միայն Իրանի ուղղությամբ՝ այդ թվում զենք գնելով ու զենքերի համատեղ արտադրություն հիմնելով՝ Իրանը բավականին ուժեղ է անօդաչուների, հրթիռների արտադրության ոլորտում, այլ նաև Իսրայելի: Իսրայելում կա հայկական համայնք, որի ներուժը չի օգտագործվում, հրեական ընկերությունները ներկա չեն հայկական տնտեսության մեջ, չկան համատեղ ձեռնարկություններ․ Երուսաղեմում անգամ կա հայկական թաղամաս, ինչը նույնպես հայ-հրեական հարաբերությունների հազարավոր տարիների կապի մասին է խոսում, սակայն գրեթե հարյուր տարվա պատմություն ունեցող Ադրբեջանի Հանրապետությունն ավելի ակտիվ է Իսրայելի ուղղությամբ՝ ռազմա-քաղաքական, տնտեսական, անգամ համայնքային, Սփյուռքի կառույցների առումով, ինչն անթույլատրելի է։ ՀՀ-ն պետք է վերանայի իր արտաքին քաղաքականության մերձավորարևելյան ուղենիշը։ Արաբական գարունից ու Սիրիայում չդադարող պատերազմի պայմաններում հայկական գործոնը Մերձավոր Արևելքում նվազում է, արաբական երկրներից հայերն արտագաղթում են, իսկ Իսրայելն այդ առումով զարգացած երկիր է՝ հարուստ տնտեսությամբ, ու այնտեղ հայկական ներուժի, հայկական լոբբիի՝ տնտեսական, քաղաքական, մշակութային ձևավորելը դառնում է առաջնային:
Նեթանյահուի այցը Բաքու իր հետ բերելու է նոր ռազմական պայմանագրեր։ Ղարաբաղյան պատերազմը դեռ շարունակվում է, տնտեսական նախագծեր՝ էներգետիկ և այլն, ինչպես նաև Իսրայելն ունի ադրբեջանամետ, վառ արտահայտված ադրբեջանամետ դիրքորոշում Ղարաբաղի հարցում: ՀՀ-Ն պետք է շտկի այդ իրավիճակը, փորձի այն բալանսավորել, հակառակ պարագայում Ադրբեջանը ևս մի քանի միլիարդ դոլարի նորագույն զենք կգնի Իսրայելից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել