Image result for Բարեկամություն կամուրջԲարեկամության կամուրջ կամ «դեբեդյան մայրուղի»

Պետության համար կոմունիկացիաների կարևորության մասին խոսվել է բավականին շատ, նշվել է, թե այն ինչքան կարևոր է պետության զարգացման համար: Այս անգամ կխոսեմ ՀՀ և Վրաստանի միջև պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցակետի տարածքում Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի մասին:

Նշեմ, որ Բարեկամության կամուրջը կառուցելու նպատակով ստեղծվել է հայ-վրացական աշխատանքային խումբ: Աշխատանքների հետ կապված՝ տեղի է ունեցել կամրջի շինարարության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած մեկ տասնյակից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում։

Հանդիպմանը ներկա չինական, իրանական, հայկական և այլ կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները տեղում ծանոթացան կամրջի կառուցման տեղանքին և տեխնիկական առանձնահատկություններին վերաբերող խնդիրներին, պարզաբանեցին շինարարության հետ կապված առաջնահերթությունները։

Նոր կամուրջն ունենալու է երկու առանձին թռիչքային ծածկ, որոնք միացնելու են Դեբեդ գետի հայկական կողմի առկա սահմանային անցակետի ենթակառուցվածքը վրացական կողմի ենթակառուցվածքին։ Այն ունենալու է չորս երթևեկելի գոտի, որն ավելի կդյուրացնի երկու երկրների բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների սպասարկման որակը, կապահովի ժամանակի խնայողություն, անվտանգ ու հարմարավետ շարժ սահմանային անցակետերով։

Կամրջի կառուցման, նախագծման և շինարարության արժեքը մոտ 9 միլիոն եվրո է, որի կեսը ֆինանսավորելու է վրացական կողմը: Ծրագիրը իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցներով:

Նշենք նաև, որ սահմանային անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատել են ՀՀ և Վրաստանի կառավարությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել