Տարօրինակն այն էր, ասում էր նա, թե ամեն օր՝ կեսգիշերին, ինչպես էին նրանք ողբում։ Ես չէի հասկանում, թե ինչու էին հատկապես այդ ժամին ողբում։ Մենք նավահանգստում էինք, իսկ բոլորը՝ քարափին, և կեսգիշերին սկսում էին ողբը։ Որպեսզի հանդարտեցնեինք, նրանց վրա էինք ուղղում լուսարձակները։ Եվ միշտ շահում էինք։ Շարժում էինք լուսարձակը, երկու կամ երեք անգամ սահեցնում նրանց վրայով, և ձայները կտրվում էին։

Մի անգամ, երբ քարափում գլխավոր սպա ես էի նշանակված, ջղայնությունից մոլեգնած մի թուրք մոտեցավ ինձ և ասաց, որ մեր նավաստիներից մեկը շարունակ հայհոյանքներ է դուրս տալիս իր հասցեին։ Նրան հանգստացրի՝ ասելով, թե երիտասարդը ետ կուղարկվի նավ և խստագույնս կպատժվի։ Հետո խնդրեցի ցույց տալ նրան։ Եվ նա մատնանշեց մի ջահելի, որ հրետաձիգներից ամենախոնարհն էր։ Անընդհատ այլանդակաբար հայհոյել է, շարունակեց նա՝ թարգմանչի օգնությամբ խոսելով ինձ հետ։ Չէի էլ կարող պատկերացնել, թե հրետաձիգը որտեղից պիտի այնքան թուրքերեն իմանար, որ հայհոյել կարողանար։ Կանչեցի նրան ու ասացի, որ այլևս որևէ թուրք սպայի հետ խոսքի չբռնվի։
– Նրանցից ոչ մեկի հետ երբեք չեմ խոսել, սըր։
– Լիովին համոզված եմ,–ասացի,– բայց լավ կլինի, որ նավ բարձրանաս և այսօր այլևս ափ չիջնես։
Հետո թուրքին ասացի, որ երիտասարդը կուղարկվի նավ և կպատժվի խստագույնս, գուցե և՝ դաժանաբար։ Նա ծայրահեղ բերկրանքի մեջ էր, և մենք արդեն բարեկամներ էինք։
Ամենասարսափելին, ասում էր նա, մեռած երեխաներ ունեցող կանայք են։ Անհնար է նրանց համոզել որ տան մեռած երեխաներին։ Այդպես վեց օր պահում էին անշունչ երեխաներին ու չէին տալիս։ Ոչինչ չէինք կարող անել։ Ստիպված պիտ խլեինք։ Իսկ ամենաահավորը այն պառավ կինն էր։ Երբ այդ մասին պատմեցի մի բժշկի, չհավատաց, ասաց, որ հորինում եմ։ Քարափն էինք մաքրում, մեռածներից պիտի ազատվեինք, իսկ այդ պառավն ինչ-որ պատգարակի վրա էր պառկած։ Դիմեցին ինձ. «Պարոն, չէի՞ք կամենա տեսնել նրան»։ Եվ հենց հայացքս նրան ուղղեցի, այդ պահին շունչը փչեց, մեռավ ու անմիջապես պրկվեց։ Ոտքերն առաջ եկան, մարմինը ուռեց և տեղում այդպես քարացավ։ Կարծես թե գիշերվանից էր մեռած եղել։ Հիմա այլևս մեռած էր և վերջնականապես պիրկ։ Երբ երիտասարդ բժշկին պատմեցի այդ մասին, ասաց՝ անհնար է։
Նրանք բոլորն այնտեղ էին՝ քարափում, և տեսարանը ոչ երկրաշարժի, ոչ էլ որևէ այլ բանի նման չէր, տարբեր էր, որովհետև նրանք երբեք չէին հասկանա թուրքին։ Չգիտեին, թե ամեն վայրկյան ինչ կարող էր անել ծեր թուրքը։ Հիշու՞մ ես, երբ մեզ արգելեցին քարափը մաքրել։
Այդ առավոտ նավահանգստում սարսափը պատել էր ինձ։ Նա հսկայական հրետանային ուժեր ուներ և մեզ օդ թռցնելը ոչինչ չարժեր նրա համար։ Մենք պատրաստվում էինք գրոհի, որոշել էինք քարափի ողջ երկայնքով առաջ շարժվել, խարիսխ գցել ու հետո գնդակոծել քաղաքի թուրքական մասը։ Նրանք կարող են մեզ հօդս ցնդեցնել, բայց մենք էլ կարող էինք քաղաքը գրողի ծոցն ուղարկել։ Երբ սկսեցինք առաջ շարժվել, ընդամենը մի քանի դատարկ փամփուշտ ուղարկեցին մեզ վրա։
Նավահանգիստ եկավ Քեմալն ու փոխեց թուրք պարետին։ Չափն անցել էր կամ էլ նման մի բան։ Շատ բան էր վերցրել իր վրա։ Սատանան գիտե, թե ինչ կարող էր պատահել։
Չեմ կարողանամ մոռանալ Զմյուռնիայի նավահանգիստը։ Ինչեր ասես, որ չէին լողում նրա ջրերում։ Կյանքում առաջին անգամ գիշերները տեսիլներ էին հայտնվում։ Ծննդաբերող կանայք այդքան սարսափելի չէին, որքան մեռած երեխաներ ունեցողները։ Նրանց հետ ավելի հեշտ էր։ Զարմանալի էր, որ քչերն էին մեռնում։ Նրանց ուղղակի մի բանով ծածկում էին և այդպես թողնում։ Սովորաբար քաշվում էին բանտի ամենամութ անկյունն ու այնտեղ երեխա բերում։ Միայն թե նավահանգստից հեռու լինեին, մնացած ամեն ինչ տանելի էր։
Բայց հույներն էլ ոչինչ։ Քաղաքը լքում էին և քանի որ չէին կարող հետները վերցնել անասուններին, ուղղակի ջարդում էին նրանց առջևի ոտքերն ու քշում ծանծաղ ջրերը։ Եվ ջարդված ոտքերով անասունները մղկտում էին՝ ջանալով դուրս պրծնել ծանծաղուտից։ Այո՛, լավ տեսարան էր։ Ազնիվ խոսք՝ լավ տեսարան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել