Քիրքուքի ու տեղի նավթի հետ կապված հակասություններ են նկատվում Իրաքի քրդական կուսակցությունների միջև:
Արդեն մի քանի օր է, ինչ ԶԼՄ-ները խոսում են այն մասին, թե Քուրդիստանի Հայրենասիրական միությունը դժգոհում է Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցությունից Քիրքուքի նավթի վաճառքի և ստացված եկամուտների յուրացման համար:
Իհարկե, այստեղ նկատելի են իրաքյան քրդերի միջև առկա, ինչպես նաև Բաղդադ-Էրբիլ շարունակվող հակասությունները, որտեղ իրաքյան կենտրոնական իշխանությունները, քրդական կառույցների միջև հակասություններ հրահրելով, փորձում են թուլացնել վերջիններին:
Բայց չպետք է մոռանալ նաև, որ Քիրքուքն ու այստեղ գտնվող նավթի պաշարները գրավել ու գրավում են արտաիրաքյան ուժերին, որոնք նույնպես փորձել և այժմ էլ փորձում են խժդժություններ առաջացնելով հասնել սեփական ծրագրերի իրականացմանը (ունենալով մեծաթիվ թուրքոման բնակչություն, Քիրքուքը չի վրիպել և չի վրիպելու նաև Թուրքիայի ուշադրությունից, և առաջին հերթին թուրքերն են բավական ակտիվ գործում Իրաքի այս հատվածում):
Ակնհայտ է, որ քրդերի մեջ կան տարաձայնություններ, դրան գումարած կան տարածաշրջանային և արտատարածաշրջանային ուժեր, որոնք է՛լ ավելի են խորացնում այդ տարաձայնությունները:
Այս համատեքստում քրդերի համար առաջնահերթություններից մեկն այս պահին ունեցածը պահելն ու վերջերս ձեռք բերած տարածքները բաց չթողնելն է: Այդ առաջնահերթությունը վերաբերում է ոչ միայն Սիրիայի քրդերին, այլ նաև Իրաքի քրդերին, որոնց հաջողվեց մասնավորապես Քիրքուքը ամբողջությամբ ենթարկել 2014 թ. ամռանը: Մերձավոր Արևելքը բնակեցնող քրդերի համար բարդ ժամանակներ են, և ապագան ցույց կտա՝ նրանք կկարողանան այդ տարածքները պահել, թե ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել