Картинки по запросу աժԱԺ «ստարտն» ապահովեց սպասելի փոթորկոտ սեզոնը: Այն փաստը, որ ԱԺ հերթական նստաշրջանը վերջինն է լինելու հինգերորդ գումարման ԱԺ-ում, խոսում է որոշ նրբությունների մասին: Նախ այն փաստը, որ առաջիկայում սպասվում են ՏԻՄ, ապա նաև պառլամենտական ընտրություններ, քաղաքական ուժերին նոր լիցք ու յուրահատուկ ազդակ է հաղորդում: Եթե հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ քաղաքական ուժերը, որոնք ակտիվ են լինելու առաջիկա ընտրություններին, չունեն որևէ այլ հարմար հարթակ, ուստի կանխատեսելի էր, որ հնարավորինս պետք է օգտագործեն ԱԺ հարթակը:

Հանուն արդարության պետք է ասել, որ պառլամենտականները հավատարիմ մնացին իրենց սկզբունքին: Երբ մեծ և փոքր օրակարգերը հաստատելուց հետո կենտրոնական ամբիոնին մոտեցավ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը և սկսեց ներկայացնել իր ծրագիրը, դահլիճում նորից տիրեց հայտնի «տորիչելյան դատարկությունը» ու այս իրավիճակը շարունակվեց մինչև հայտարարությունների ժամը:

Հայտարարությունների ժամը դեռ չսկսված՝ պառլամենտում մի յուրահատում «թայմ աութ» էր, ոչ ոք չէր ուզում ելույթ ունենալ, հենց այդ ժամանակ էր, որ հնչեց Մաեստրոյի բարիտոնը. «Այսպես որ շարունակենք, նորից մի քանի ԱԺ արտահերթեր ենք ունենալու, քանի որ այսքան առողջ ենք օգտագործում ժամանակը»:

Հայտարարություններից ուշադրության է արժանի Թևան Պողոսյանի այն թեզը, ըստ որի՝ ՖԲ-ն այս նստաշրջանում իրականում ավելի շատ է հասարակությանը ծառայել, քան ԱԺ-ն, իսկ ԱԺ իսկական խոսնակ դարձավ Մարկ Ցուկերբերգը: Մյուս ելույթ ունեցողները խոսեցին ՏԻՄ ընտրություններին իրենց մասնակցության, իրենց թեկնածուների, կոռուպցիայի, տնտեսական խնդիրների մասին, եղան նաև Հանրապետության տոնը շնորհավորողներ:

Հ.գ. Նախորդ մի քանի նստաշրջաններին խոսել եմ, այսօր ևս մեկ անգամ կնշեմ՝ պետության համար կարևոր հարցերի քննարկումներն անցնում են դատարկության մթնոլորտում, ծափ ու ծիծաղի ուղեկցությամբ, ի վերջո, պետք է փաստենք, որ ՀՀ ամենաբարձր ու կարևոր ինստիտուտը պառլամենտն է, և գերկարևոր հարցերն օրենքի ուժ ու կյանք են ստանում այս կամարների տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել