Картинки по запросу ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա կարգավորման պայմաններից մեկն է, բաց ոչ միակ պայմանը՝ փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի ներկայություն: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու ուղղությամբ և հասնենք խաղաղ կարգավորման․ դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները:
Ամերիկացի համանախագահն արտահայտում է այն սկզբունքները, որոնք դրված են տխրահռչակ մադրիդյան, թարմացված՝ կազանյան փաստաթղթում, որը հաճախ ռուսաֆոբներն ու քաղաքականությունից անտեղյակներն անվանում են Լավրովի պլան: Գոյություն չունի Լավրովի պլան․ այդ սկզբունքները դրված են սեղանին արդեն քսան տարի, այս կամ այն փոփոխություններով՝ հիմնականում ոչ հօգուտ ՀՀ-ի: Ի՞նչ է իրականում ասում Ուորլիքը:
«Տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևը միտված է Արցախի հայաթափմանը։ Յոթ կամ հինգ շրջանների վերադարձից հետո ԼՂՀ անվտանգության ապահովումը կլինի եռակի բարդ։ Ապրիլյան պատերազմից հետո տարածքների զիջման խոսակցությունները պետք է իսպառ բացառել: Ժողովրդագրական, ռազմա-քաղաքական առումներով տարածքների զիջումը նշանակում է, որ Ղարաբաղը վերածվում է թյուրքական (ադրբեջանական) օղակով շրջապատված անկլավի, անգամ եթե որևէ ձևով պահպանվի ցամաքային կապը ՀՀ-ի հետ: Արդեն այսօր Ղարաբաղից կա արտագաղթ։ Չի կարելի անտեսել կամ աչքերը փակել այդ երևույթի վրա: Ապրիլյան պատերազմն արագացրեց արտագաղթի տեմպերը։ Բաքուն փոքր, մանր ու միջին սադրանքներով դատարկում է Արցախն ու ՀՀ սահմանամերձ գոտին, և այժմ էլ Ուորլիքն է առաջարկում հանձնել տարածքներ ինչ-որ անորոշ ապագայի համար: Եթե տարածքները դեռ չեն զիջվել, արտագաղթի ալիք է սկսվել, ի՞նչ կլինի շրջանները հանձնելուց ու այնտեղ ադրբեջանական փախստականների վերադարձից հետո: Հետաքրքիր է, որ ամերիկացի համանախագահը չի խոսում Ադրբեջանից կես միլիոն հայ փախստականների մասին։ Ու՞ր են նրանք վերադառնալու, պարո՛ն Ուորլիք, Բաքու՞, Կիրովաբա՞դ, Սումգայի՞թ, Մինգեչաու՞ր, Շահումյա՞ն: Դա ուտոպիա է, այդպիս բան չի լինելու։ Ադրբեջանահայության մեծամասնությունը վաղուց ԱՄՆ-ում, ՌԴ-ում ու ԵՄ-ում է, ստացել է այդ երկրների քաղաքացիություն ու մոռացել հետ վերադառնալու ճանապարհը․ ցեղասպանությունից, ջարդերից հետո նորից ոչ ոք Բաքու ու Սումգայիթ չի վերադառնա:
Հարցազրույցի մյուս հատվածում Ուորլիքը խոսում է պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին։ Նա փորձում է վախեցնել, խաղալ հայ հասարակության տրամադրությունների հետ․ «Չեք զիջում, ուրեմն՝ ձեր զավակները զոհվելու են Ղարաբաղում, խաղաղությու՞ն եք ուզում, հանձնե՛ք հողերը»: Ամերիկացի համանախագահը պարտվողական, խուճապային տրամադրություններ է տարածում ու, չգիտես ինչու, քաղհասարակությունը չի գնում բողոքի ցույց անելու ԱՄՆ-ի դեսպանատան մոտ։ Ի՞նչու չեն քննադատում Ուորլիքի մարազմը:
«Այսօր իրավիճակն ավելի քան վտանգավոր է, քանի որ մենք տեսնում ենք հրթիռների և այլ ծանր զինատեսակների ներկայություն: Կարծում եմ, որ ղարաբաղյան հակամարտության սրման ռիսկ կա՝ ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ: Ոչ միայն սրման, այլև սխալ հաշվարկի վտանգ կա, որը կարող է բերել բացասական հետևանքների:

Այդ իսկ պատճառով հակված չեմ այն անվանելու սառեցված հակամարտություն։ Ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը պահանջում է մեր կողմից մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ նրանք, ովքեր այդ հակամարտությունը համարում են վերահսկվող, սխալվում են: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կարգավորման միջոցը պետք է փնտրել այն շրջանում, որտեղ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են աշխատել միասին», - ավելացրել է Ուորլիքը:

ՀՀ-ին ու ԼՂՀ-ին մնում է զինվել, կառուցել նորմալ տնտեսություն, քանի որ վաղ թե ուշ պատերազմ լինելու է։ Ապրիլյանը նախերգանք է, ինչի մասին խոսել է նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց գտել է իր լուծումը․ Արցախն այսօրվա սահմաններով անկախ է, իսկ ցանկության դեպքում կարող է միանալ մայր Հայաստանին։ Հակառակը պատերազմ է, որից խուսափելն անհնար է․ Բաքուն չի ուզում մի քանի շրջան։ Նա ուզում է ողջ Ղարաբաղն ու, եթե հաջողացնի, նաև Զանգեզուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել