Հայկական տներում այնքան հաճախ ենք տեսնում պատին կախված գորգեր, որ չենք էլ մտածում, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ շատ հին ժամանակներում գորգերը ծիսական իրերի շարքում մեծ դեր ու սրբազան նշանակություն են ունեցել: Հնարավոր է` մեր նախնիները հավատացել են, որ պատից կախված գորգը, որի վրա սրբազան սիմվոլներ կան, ընտանիքը կպաշտպանի չարից, հաջողություն կբերի: Գորգի գործածությունը ներկայումս էլ կարևորվում է. եթե երբևէ Սբ. Պատագի ժամանակ եղել եք Էջմիածնի Մայր Տաճարում, նկատած կլինեք, որ Վեհափառ հայրապետի առաջ գորգ է փռվում և Իջման Սեղանի մոտ կլորիկ մի գորգ է դրվում, որի վրա է կանգնում Վեհափառը երկրպագություն կատարելիս: Բանն այն է, որ եկեղեցում  գորգը մի շարք այլ իրերի` գավազանի, մատանու, պանակեի հետ խորհրդանշում է հոգևոր իշխանությունը: Հայկական եկեղեցիներում գորգեր շատ են օգտագործվում: Այդպիսի մի գորգի մասին մի թուրք ճանապարհորդ հիշատակություն է թողել իր նոթերում:

«էվլիյա Չելդին  գրում է, որ մյուռօրհնեքի ժամանակ եղել է Էջմիածնում ու տեսել, թե ինչպես են Մյուռոնը եփում գորգի վրա: Նա նկատում է, որ գորգը չի բռնկվում: Երբ հարցնում է հոգևորականներին, թե ինչու գորգը չի այրվում, նրան պատասխանում են, որ դա սրբազան գորգ է, քանի որ դրա վրա է ծնվել Հիսուս Քրիստոս»,- պատմում է ազգագրագետ Աշխունջ Պողոսյանը:

Գուցե նման պատմություններն են առիթ տվել, որ գորգերի մասին լեգենդներ հյուսվեն: Ժողովրդական հավատալիքներում այնքան էին սրբազնացնում գորգը, որ հավատում էին, թե այն կարող է անգամ չբերություն բուժել:   «Երբ գորգն արդեն գործել, վերջացրել էին, տորքից կտրելուց առաջ չբեր կնոջն անց էին կացնում հիմնաթելերի միջով ու պառկեցնում էին տորքի տակ, ապա կտրում էին հիմնաթելերն ու գորգն ընկնում էր չբեր կնոջ վրա: Մարդիկ վստահ էին, որ դրանից հետո այդ կինն արգասաբեր է դառնալու»,- ասում է Աշխունջ Պողոսյանը:

Հնում գոյություն են ունեցել արքայական գորգեր, որոնք հատուկ գործվել են արքաների համար: Այնքան են կարևորվել գորգերը, որ եթե անգամ արքան սենյակում կամ վրանում չի եղել, գորգի մոտով անցնելիս երկրպագել են, ինչպես կխոնարհվեին արքայի առաջ: Բացի այդ` ոչ ոք իրավունք չի ունեցել կանգնել այդ գորգի վրա:

Սիմվոլները

Հայկական գորգերի վրա ամենից հաճախ հանդիպող սիմվոլն Աստծո սիմվոլն է, որը պատկերվում է ծաղկյալ խաչի, արևի կամ աստղի տեսքով: Սովորաբար այն պատկերվում է գորգի կենտրոնում: Գորգերի ամբողջ կոմպոզիցիան հաճախ ներկայացնում է տիեզերքը` կենտրոնում` Աստված: Շատ է հանդիպում նաև կենաց ծառը: Ինչպես խաչը, արևը կամ աստղը, այնպես էլ կենաց ծառը վիշապագորգ կոչվող տիպում շրջապատված է լինում վիշապանախշերով: 

«Նայում ես գորգին ու տեսնում, որ ծառը, ծաղիկը կամ տունը կենտրոնում է, իսկ վիշապները շրջապատելով նրան պաշտպանում են չարից»,-ասում է նկարիչ Միքայել Պետրոսյանը:

Հետաքրքիր է, որ հայկական միջավայրում բացարձակ չարի խորհրդանիշ չկա: Վիշապը տարերքի մարմնացում էր, որ կարող էր լինել և’ չար, և’ բարի: Կան գորգեր, որոնց վրա կարծես պատկերված է չարի ու բարու պայքարը: Հաղթված վիշապներն էլ կարծես փորձում են հեռանալ: Բարու հաղթանակի խորհրդանիշն են դառնում հորիզոնի չորս կողմերը ձգվող Կենաց ծառի ճյուղերը:

Ծիսական նշանակությունը հիմա

Գորգի ծիսական գործածությունը մեկ այլ տեղում էլ ենք տեսնում`  հարսանիքների կամ թաղումների ժամանակ: Նորապսակների թիկունքում կախված գորգը իբր պաշտպանում է չարից ու արգասաբերություն պարգևում: Իսկ մահացածի տակ փռված գորգը նրան դեպի հավերժական կյանք ուղեկցելու կամ կենդանացնելու խրհուրդ ունի. ասում են, որ Շամիրամը Արա Գեղեցիկին մի գորգի վրա էր պառկեցրել և հույս ուներ, որ դա կօգնի Արային կենդանացնել: Ընտանիքից դուրս էլ գորգը պատվելու, հարգանքը ցույց տալու միջոց է. երբ որևէ կարևոր հյուր է ժամանում, օդանավակայանում կարմիր ուղեգորգ է փռվում: Կարմիր ուղեգորգ փռելու սովորություն ունեն նաև կինոարվեստի մրցանակաբաշխություններ կազմակերպողները: Ի դեպ հնում Նախիջևանում միայն կարմիր գրգադաշտ ունեցող գորգեր են նշանակել` տափ` գետին, իբր միայն կարմիր գետինն է սրբազան:  

Որքան հին է մեր գորգը

Գորգերի նկատմամբ վերաբերմունքը շատ հին է, ինչպես գորգագործությունն է հին հայոց լեռնաշխարհում: Հայտնաբերված ամենահին գորգը, որը մասնագետները համարում են հայկական, Պազիրիկ գորգն է: 1949թ Լեռնային Ալթայում Պազիրիկի դամբարանից Սերգեյ Ռուդենկոն հայտնաբերեց երկու գորգ: Համեմատաբար պահպանվածը` Պազիրիկ կոչվածն, ուներ 4 քառակուսի մետր մակերես և 1 մլն. 250 հազար հանգույց: Ռուդենկոն գրում է, որ պատկանում է մ.թ.ա 5-րդ դարին և գործվել է Վանա լճի տարածքում:  Գորգը մեր օրերին է հասել, քանի որ դարեր շարունակ եղել է սառույցի մեջ. դամբարանը լցվել է ջրով, որը շուտով սառցակալել է: Այս գորգը բավական լուրջ վեճերի առիթ է տալիս: իրանացիներն ասում են, որ դա իրանական է, թուրքերը վերագրում են իրենց նախնիներին: Հատկապես շատ շատ փաստարկներ կան, որոնք խոսում են նրա հայկական լինելու մասին:  Նախ` այն գործված է հայկական` կրկնակի հանգույցով, ապա ներկված է արարատյան Որթան կարմիրով: Բացի այդ նախշազարդման համակարգն էլ ուրատա-բաբելական է (նման զարդապատկերն շատ են պահպանվել ուրարտական ճարտարապետությունում): Գորգը գտնվում է Էրմիտաժում: Գրավոր աղբյուրներում հայկական գորգի մասին ամենահին հիշատակությունը պատկանում է 5-րդ դարին, սակայն դա չի նշանակում, որ հայկական լեռնաշխարհում այդ ժամանակից են սկսել գորգագործությամբ զբաղվել: Դա է վկայում Հայաստանի հյուսիսից Ստեփան Եսայանի հայտնաբերված տորքի քարե մակետը, որոնք թվագրվում եմ մ.թ.ա. 4-3 դարերին:   

Մեր գորգը բարձր են գնահատում

«Ես` Գոհարս, մեղօք լի, հոգովս տկար, նորհաս ձեռամբ իմով գործեցի, ով կարդա մեկ բերան ողորմի զիս, թիվ ՌՃԽԹ»: Այս երկտողը գորգի վրա թողել է, ավելի ճիշտ` գործել է Գոհար անունով մի հայուհի 1699թ: Գորգը նրա անունով էլ կոչվում է Գոհար: Հավանաբար այն նվիրել է եկեղեցուն: Այն որոշ  ժամանակ առևանգել են, ապա Բաթումում վաճառել: Հասցրել են Անգլիա: Երկար ժամանակ Գոհարը հանգրվանել է «Վիկտորիա և Ալբերտ» թանգարանում: Որոշ ժամանակ ապրել է Իսրայելի պետական թանգարանում: Հիմա էլ տնվում է մի ամերիկացու անձնական հավաքածուում: ‎Չնայած` Գոհար գորգը չափերով փոքր է, սակայն բավական թանկ է գնահատվում, ինչպես թանկ են գնահատվում հայկական գորգերն ընդհանրապես: Բերենք մի քանի փոստ. Հայաստանը, ի թիվս այլ իրերի ու գումարի, Արաբական խալի‎այությանը ամեն տարի 20 գորգ էր վճարում: Երբ Որևէ վեճ էր ծագում և պետք էր այն հարթել, պարսիկները կամ արաբները բազմաթիվ նվերներ էին իրար ուղարկում, որոնց մեջ հատուկ շեշտվում էր հայկական գորգերի առկայությունը:  

Հայկական գորգերը հիմա

Ցավոք հայկական գորգը աստիճանաբար կորցնում է իր դիրքերը: Բազմաթիվ թանգարաններում են ցուցադրվում հայկական գորգեր, սակայն դրանց տակ լավագույն դեպքում գրված է` կովկասյան: Շատ- շատերը չգիտեն, որ Շիրվանի, Ղազախ, Գյանջա և այլն գորգերը հայկական են: Շատերի մտքով չի էլ անցնում, որ դրանք քրիստոնյա ազգի գործեր են, որ մուսուլմանական չեն:  «Գորգով հետաքրքրվող առաջին գիտնականներն իրենց նախնական ին‎որմացիան վերցնում էին այն քաղաքներից, որտեղ վաճառվում էին գորգեր: Ցավոք այդ քաղաքները գտնվում էին Սիրիայում, Լիբանանում, Պարսկաստանում, Թուրիքիայում, Արաբական երկրներում և այլն: Որ քաղաքից որ ձեռք էին բերում գորգը, այդ քաղաքի անունով էլ կոչում էին, ու արդյունքում հայկական գորգերին կպցնում էին ոչ հայկական անուններ»,- պատմում է Աշխունջ Պողոսյանը: Աշխարհում բազմաթիվ թանգարաններ կան գորգին նվիրված: Այդպիսի թանգարաններ ունեն նաև այնպիսի երկրներ, որոնք գրեթե առնչություն չունեն այդ արվեստի հետ: Օրինակ` գորգի թանգարան կա Վաշինգտոնում: Գորգի թանգարան ունեն նաև Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը: Իսկ մենք… Մեզ իրապես անհրաժեշտ է ունենալ գորգի թանգարան: Ցուցադրությունից բացի թանգարանը կարող է ունենալ գիտահետազոտական, ռեստավրացիոն, արտադրական բաժիններ, որոնք կարճ ժամանակում կփոխհատուցեն թանգարանի ծախսերը: Չափազանց կարևոր է, որ երիտասարդ մասնագետներ ներգրավվեն գորգի ուսումնասիրման գործին: «Մի քսան տարի հետո այդ թանգարանն ունենալն արդեն ուշ կլինի: Դե մենք հո մի հազար ա տարի չենք ապրելու: Իսկ նոր սերունդ չկա, ես չեմ տեսնում մարդիկ, որ մեզանից հետո կկարողանան զբաղվել գորգի ուսումնասիրմամբ: Մի քանի անգամ փորձել ենք սերունդ աճեցնել, բայց` ապարդյուն: Ինչո՞ւ: Որովհետև չկա պետական հոգածություն»,- ցավով նշում է Աշխունջ Պողոսյանը:

Թանգարանի ամենածախսատար մասն արդեն արված է. 1980-ականներին, երբ կառավարությունը սկսեց վերանորոգել մի շենք, որ տրամադրվի գորգի թանգարանին, մի քանի ազգագրագետներ, որոնց թվում էր նաև Աշխունջ Պողոսյանը, ձեռնարկեցին գորգեր հավաքելու գործը: Բավական մեծ թվով գործեր հավաքեցին, որոնք հիմա պահվում են Սարդարապատի թանգարանում: Շենքի վերանորոգումն ուշացրին, Խորհրդային կարգերը փլուզվեցին ու գորգի թանգարանը մնաց երազներում` չծնվեց: Ծրագիրն էլ մնաց թղթի վրա:

Հայաստանում արտադրվող գորգերի միայն մի փոքր մասն է ավանդական հայկական զարդամոտիվներով ու գունային երանգներով: Կան նաև մարդիկ, որոնք սովորեցնում են գորգ գործել: Օրինակ` արաբկիրի հայորդյաց տանը կա գորգի խմբակ, որտեղ սիկին Վիկտորիան դեռատի աղջիկներին սովորեցնում է գորգ գործել: Նրանք ամեն տավրա վերջում ներկայանում են իրենց աշխատանքների ցուցադրությամբ: Նրանց արածը, սակայն, մի բաժակ ջուր է օվկիանոսում: Աշխարհում մեծ հետաքրքրություն ունեցող գորգերից շատերը հիմա թանգարանում դարսված են իրար վրա և որքան էլ հոգատար լինեն աշխատակիցները, միևնույն է նրանք կանգնած են փչանալու վտանգի առաջ: Ինձ մնում է նրանց փոխարեն գոռալ սո՜ս…

Ա.Նոյեմի

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել