Image result for հայ-վրացականՈւղիղ երկու ամիս անց Վրաստանում անցկացվելու են խորհրդարանական հերթական ընտությունները, որոնք կորոշեն, թե այնտեղ ձևավորված խորհրդարանի կողմից հաստատված ինչպիսի կազմով կառավարության հետ է համագործակցելու Հայաստանի կառավարությունը, ի դեպ, արդեն մերն էլ՝ նոր կառավարությունը: Իհարկե ենթադրություններ կարող ենք անել, թե ինչպիսի տեմպերով կզարգանան հայ-վրացական հարաբերությունները և ինչ արդյունքներ կգրանցվեն հետագայում, սակայն, ենթադրություններն ավելի իրատեսական դարձնելու համար նախ հասկանանք, թե ինչ հիմք է թողնում այդ տեսանկյունից, կարելի է արդեն ասել, նախկին կառավարությունն իրեն փոխարինողին:

Եթե վերհիշենք վերջին 2.5 տարիներին հայ-վրացական հարաբերություններում արձանագրված մութ ու լուսավոր օրերը, ապա միանշանակ կարելի է ասել, որ դրական արդյունքերը նկատելի են, և եթե համեմատական վերլուծության առնենք անցած 10 տարիների ընթացքում տեղ գտած իրադարձությունները, ապա կարձանագրենք, որ հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման համար նպաստավոր պլատֆորմն ավելի է ամրացել: Հայաստանի և Վրաստանի՝ տարբեր տնտեսական և մաքսային համակարգերին անդամ դառնալուց հետո սպասվող քաղաքական և տնտեսական հարաբերություների հնարավոր վատթարացումը գործնականում տեղի չունեցավ, դրան զուգահեռ նախանշվեցին համագործակցության նոր ուղղություններ, քայլեր կատարվեցին տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման ուղղությամբ:

Թվարկվածին, անշուշտ, նպաստեց երկու կարևոր հանգամանք: Նախ կողմերն ակտիվացրեցին շփումները, մասնավորապես՝ նախկին ժամանակաշրջանների համեմատ ակտիվացան տարբեր մակարդակներում փոխայցելությունները, և ևս ոչ պակաս կարևոր հանգամանք՝ այդ հանդիպումների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մշտապես հնչեցվել են հայտարարություններն առ այն, որ կողմերը պատրաստ են իրենց բարի կամքը դրսևորել երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում: Ստեղծված ջերմ և վստահության մթնոլորտի շնորհիվ նաև հնարավոր եղավ երկկողմ համագործակցության ձևաչափն ընդլայնել. փաստ է անցած տարվա վերջին ստորագրված Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության պրոյեկտի մեկնարկը: Նշված այցերի ընթացքում հնարավոր է եղել մեծապես լուծել վրացական Դարիալի անցակետում առաջացող խնդիրները, Վրաստանի քաղաքացի չհանդիսացող վիրահայերին հուզող և հետագայում վերացած մուտքի արտոնագրի պարտադիր պայմանը: Հիմք դրվեց Թբիլիսիում հայկական դպրոցի կառուցման և «Բարեկամության կամրջի» շինարարության նախագծերին: Առևտրաշրջանառության ծավալների մեծացումը, տրանսպորտային հաղորդակցության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ակտիվացումը ևս դրական ազդեցություն է ունեցել երկու երկրների տնտեսությունների վրա:

Վերոնշյալը, սակայն, ավելի օբյեկտիվ ամփոփելու համար, հավելեմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու, խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու մեծ հնարավորություն կա: Ուստի առկա ներուժն ավելի կշռադատված, ճիշտ մարտավարությամբ և հնարավորինս փոխադարձ շահերի՝ համադրված կերպով իրացնելու պարագայում Հայաստանն ու Վրաստանը միասին կկարողանան դառնալ միմյանց համար ավելի վստահելի գործընկերներ՝ չեզոքացնելով մեր տարածաշրջանում մեծ ազդեցություն տարածելու ձգտումներ ունեցող Թուրքիային և Ադրբեջանին: Վրաստանն, այսօր գտնվելով թուրք-ադրբեջանական էներգետիկ և տնտեսական կախվածության մեջ, լավագույնս գիտակցում է նաև այդ կախվածության ապագա վտանգները, ուստի, վաղ, թե ուշ իրավիճակը կարող է փոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել