Image result for ճանապարհՄ6-ից մինչև Գոգավան կամ Լոռիում ճանապարհները սրընթաց են

ՀՀ վարչապետը ժամեր առաջ հրաժարական տվեց: Քննարկվում ու ամփոփվում են կառավարության անդամների արածն ու չարածը: Որպես լոռեցի՝ կառավարության հրաժարականի ֆոնին կառանձնացնեի այն ճանապարհների բարեկարգումը, որոնք մարզում ծայրահեղ ողբերգական վիճակում էին:

Կառավարությունը դեռևս 2011 թվականի նոյեմբերին հավանություն է տվել ՀՀ հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին, որի մեծ մասը վերաբերում է Մ6՝ Վանաձոր-Ալավերդի ու մինչև Վրաստանի հետ պետական սահման հասնող միջպետական ճանապարհի վերականգնման ծրագրին: Ծրագրին ընթացք տալու նպատակով 2013թ.-ին Եվրոպական ներդրումային բանկը տրամադրել է 1 մլն եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ:

Այս ճանապարհի տնտեսական նշանակությունը ստրատեգիական է․ այն հանդիսանում է ռեզերվային հատված Հյուսիս-հարավի համար: ՀՀ մուտք գործող բեռնատարների 60 տոկոսը, չնայած ռելիեֆային բարդ պայմաններին, նախապատվությունը տալիս է հենց այս հատվածին: Նշեմ նաև, որ այս հատվածով օրական անցնում է 2500-3000 մեքենա, և այն իրականում տնտեսապես կարևոր հանգույց է: Ճանապարհի շինաշխատանքները գրեթե մեկնարկել են. ներկայումս տեխնիկա է տեղակայվում, և կատարվում են նախահաշվարկային աշխատանքներ: Թումանյան քաղաքի մոտակայքում գտնվող հրակայուն աղյուսի գործարանը լինելու է շինաշխատանքների գլխավոր ճամբարը: Աշխատանքների արագ ընթանալու համար ճանապարհը բաժանվելու է երեք մասի:

Մարզի, ինչպես նաև Մ6-ը շրջանցելու համար կարևոր այլընտրանք եղավ Օձուն գյուղից դեպի Ստեփանավանի տարածաշրջանի գյուղերը ձգվող ստրատեգիական և ռազմական նշանակություն ունեցող այլընտրանքային ճանապարհը, որը 300-ամյա վաղեմություն ունի և որպես այդպիսին՝ բառացիորեն գոյություն չուներ: Այս առումով, այդ տարածաշրջանի բնակչության համար բավականին մեծ, ուղղակի կենսական նշանակություն ունեցավ ճանապարհի շինարարությունը, որը տևեց մոտ երկու տարի: Ճանապարհահատվածի փակման ընթացքում երթևեկությունը կաթվածահար չի լինի. Ստեփանավան-Օձուն շրջանցիկ երթուղին կարող է ծառայել հանրությանը:

Ստեփանավան-Ալավերդի (Ագարակ-Օձուն Մ-6) ճանապարհի վերանորոգման աշխատանքների իրականացման համար ՀԲ ծրագրով հատկացվել է 3,5 միլիարդ դրամ: Ճանապարհի վերանորոգման գումարի 20 տոկոսը վճարվելու է պետբյուջեից: Ագարակ-Օձուն ճանապարհի վերանորոգումը կարևոր նշանակություն ունի ճանապարհամերձ համայնքների զարգացման համար: Ճանապարհի վերանորոգումից հետո գյուղացիների աճեցրած մթերքները առանց խնդիրների տեղափոխվում են հանրապետության տարբեր շուկաներ: Վերանորոգված ճանապարհի ընդհանուր երկարությունը 28,2 կմ է: Օձունցիներն արդեն վերանորոգվող ճանապարհաեզրերին մեծ թափով կառուցում են առևտրի և սպասարկաման օբյեկտներ` փորձելով վերանորոգվող ճանապարհը ծառայեցնել համայնքի զարգացմանը և իրենց կենսամակարդակի բարձրացմանը:
Լինելով լոռեցի և ապրելով այս տարածաշրջանում՝ նկատում եմ, թե ինչպես է կոմունիկացիոն այս բարփոխումն ազդում հասարակության կենսամակարդակի բարելավման վրա:

Լոռվա տարածաշրջանի մեկ այլ, ոչ պակաս կարևոր ճանապարհաշինական աշխատանքներից է նաև Տաշիր-Վրաստանի սահման (Գոգավան) ճանապարհահատվածը, որը ՀՀ-ն կապում է Վրաստանի Շուլավեր բնակավայրի հետ: Նշված երթուղին Մ6-ի շինաշխատանքների ժամանակ  բեռնատարների համար այլընտրանք պետք է հանդիսանա, որի միջոցով, ընդամենը անցնելով 18 կմ, կարելի է հասնել Ստեփանավան-Երևան մայրուղի:

Նշված երեք խոշոր պրոյեկտները մարզի զարգացման կարևոր արդյունք են. չնայած մարզի ճանապարահաշինության լայն ծավալներին՝ պետք է նշեմ, որ կոմունիկացիայի հետ կապված խնդիրները դեռևս վերջնական լուծում չեն ստացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել