Image result for կառավարությունՉնայած արդեն պարզ է, որ կառավարությունը հրաժարական է տալու, սակայն տեսնենք՝ եթե նոր կառավարություն ձևավորվի, որքանո՞վ այն կլինի նոր և որքանո՞վ կկարողանա համարժեք լինել իրականությանը:

Մեր քաղաքական էլիտան այնքան է մնացել, որ ձեռք է բերել երկու, իրար լրացնող հատկանիշ՝ քարացածություն և հոգնածություն:

Այս երկուսը հետևանք են նրա, որ «էլիտաների շրջապտույտ»՝ փոփոխություն, գոյություն չունի: Ինչպես ասում էր հայտնի էլիտարիստ Պարետոն, հասարակության զարգացումը հնարավոր է այն ժամանակ, երբ առկա է իշխողների շրջապտույտ: Իսկ եթե դա էլ չկա, գոնե պետք է իրապես տեղի ունենա «էլիտայի հավաքագրում» բաց, վստահելի և հասկանալի եղանակով: Այն էլիտան, որը երկար ժամանակ չի համալրվում կամ ստանում է ձևական ու կասկածելի համալրում, իշխվողների համար դառնում է խնդիր, քանի որ և՛ ինքն է հոգնում, և՛ հոգնեցնում է մյուսներին: Հենց այսպես էլ տեղի է ունենում էլիտայի «բյուրեղացում» (մեկ այլ հայտնի էլիտարիստ Մոսկայի տերմինաբանությամբ): Ահա այս բյուրեղացած վիճակն էլ թույլ չի տալիս, որպեսզի էլիտան կարողանա տեխնոկրատական մոտեցում ցուցաբերել ու ինչ-որ նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որովհետև քարացածությունը խժռել է նաև պրոֆեսիոնալիզմին:

Ինչ վերաբերում է հոգնածությանը, ապա կրկին նույն պատկերն է. էլիտայի իրական չհավաքագրումն ու երկար ժամանակ շրջապտույտի չենթարկվելը մաշել ու հոգնեցրել է նրա ներկայացուցիչներին: Հոգնած էլիտան էլ չի կարող մենեջերություն անել, ղեկավարել ու կազմակերպել, այսինքն՝ անհնար է դառնում հանրության պահանջմունքները պետական կուրսի վերածելու կամքն ու հնարավորությունը, որովհետև հոգնությունն էլ խժռել է մոտիվացիային:

Արդյունքում, հասարակության քաղաքական համակարգը հանգրվանել է ստատիկ՝ անշարժ, վիճակի մեջ: Չկա դինամիկա, չկա զարգացում: Որպեսզի լինի այդ դինամիկան, համակարգում պետք է փոխարկում լինի, բայց ոչ թե մի ձևից մեկ այլ ձևի, այլ մի որակից մյուսին անցնելու եղանակով՝ հիմնված հանրության պահանջմունքների վրա: Այսպես է հնարավոր կենդանացնել համակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ կարողությունը, որն էլ կլուծի նոր իրողությունների նկատմամբ համակարգի ադապտացիայի հարցը: Իսկ դա հնարավոր է չքարացած ու չհոգնած էլիտայի պարագայում:

Մի խոսքով, մեզ հիմա պետք է, այսպես կոչված, մերիտոկրատական տիպի էլիտա (բարձր որակական հատկանիշների հիման վրա ընտրյալներ), որ կարողանա համարձակ, ոչ կցկտուր, ռացիոնալ և աջակցություն վայելող որոշումներ կայացնել ու դրանք կյանքի կոչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել