Image result for հովիկ աբրահամյան կարեն կարապետյանՀովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանով փոխարինելու մասին ինֆորմացիան լրատվական այնպիսի աղբյուրներից արտահոսեց, որ կասկած անգամ չի կարող լինել, որ նոր վարչապետ ենք ունենալու։
Դատելով սոցցանցային տիրույթում տիրող տրամադրությունից՝ մարդկանց սրտով է, որ ևս մեկ ձախողված կառավարություն է հեռանում։ Բայց փաստենք, որ ներկայիս վարչապետը չի հեռանում Հայաստանի պետական շահերից ելնելով, չի հեռանում այն պատառով, որ այս կառավաությունն էլ նախորդների պես խորացրեց երկրում տնտեսական ճգնաժամը՝ դարձյալ բարենպաստ պայմաններ ստեղծելով մեր երկրում կոռուպցիայի, մենաշնորհի մեծացման համար։ Այս մարդը հեռանում է, քանի որ այդպես թելադրում է իրեն նեղ կուսակցական շահը․ առջևում խորհրդարանական ընտրություններ են և ներկայիս վարչապետը մեծ ծառայություններ պետք է մատուցի իր թիմին՝ հերթական ընտրությունները կեղծելու և այս ազգի գլխին պատժի պես ՀՀԿ-ի հարատևությունն ապահովելու համար։
Ուստի և, եթե ներկայիս վարչապետը հեռանում է իր զբաղեցրած պաշտոնից երկրի բարձրագույն ղեկավարության հանձնարարությամբ մեկ այլ «կարևոր» պարտականություն ստանձնելու համար, ուրեմն այս «փոփոխությամբ» առանձնապես ոգևորվել պետք չէ, քանի որ Հովիկ Աբրահամյանին փոխարինելու եկածը, ով էլ, որ նա լինի, այնպիսի մեկն է, որը շարունակելու է իրեն նախորդած վարչապետերի «լավագույն ավանդույթները»։
Սա Հովիկ Աբրահամյանի ղեկավարած ապաշնորհ կառավարությունից փրկություն չէ, սա ընդամենը նույն նպատակին և խմբին ծառայող մարդկանց փոփոխություն է լինելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել