Image result for jarablusԸնդդիմադիր Սիրիայի ազատ բանակը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Սիրիայի հյուսիսում գտնվող «Իսլամական պետության» առանցքային կայանատեղիներից մեկը՝ Ալ-Բաբ քաղաքն իր շրջակայքով, հայտարարվում է ռազմական տարածք: Թուրքիայի նախաձեռնած «Եփրատի վահան» ռազմգործողության երրորդ փուլի շրջանակներում Ալ-Բաբում տեղի են ունենալու ռազմական գործողություններ «Իսլամական պետության» զինյալներից քաղաքն ազատագրելու նպատակով:

Այս պահին թուրքական զինուժն ու նրանց կողմից սատարվող սիրիական ընդդիմադիր խմբավորումները շարժվում են Ալ-Բաբի ուղղությամբ: Քաղաքը վաղուց է գտնվում ԻՊ-ի վերահսկողության տակ։ Այստեղ կան կառուցված ամրություններ, այն կարևորություն է ներկայացնում իսլամականների համար։ Այս հատվածում իսլամականները կենտրոնացրել են զգալի ներուժ և այստեղ պլանավորված մարտերը թեժ են լինելու: Միայն ընդդիմադիրների ներուժով այն հնարավոր չէ նվաճել ԻՊ-ից, ավելին, այս պահին Սիրիայի տարածքում գտնվող թուրքական զինուժը ևս բավարար չէ այն գրավելու համար:

Ալ-Բաբն այդքան հեշտ չի տրվի, և, հավանաբար, թուրքերը կհամալրվեն, այս հատվածում կկենտրոնացվեն ընդդիմադիր ուժերի մեծ քանակություն և նրանց կօգնեն նաև կոալիցիոն օդուժի ավիահարվածները:

Այնպես որ Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում դեռևս կշարունակվեն (շարունակվում են) թեժ մարտերը, սակայն ցավալին այն է, որ թուրքական զինուժն ու Անկարայի կողմից աջակցություն ստացող ընդդիմադիր ուժերն աստիճանաբար մոտենում են Հալեպին, որը մոտ 30 կմ է հեռու Ալ-Բաբ քաղաքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել