Image result for կառավարությունՊետական համակարգում աշխատող իմ մի շարք ծանոթներից տեղակացա, որ բազմաթիվ գերատեսչություններում՝ հատկապես ուժային կառույցներում, կրճատվում են աշխատակիցներին տրվող հավելավճարները։
Սա ոչ այլ ինչ է, քան մեր երկրում տնտեսական մեծ վերահաս աղետի ևս մեկ ազդանշան։ Ի՞նչ է կատարվում։ Այսքան տարի պետական բոլոր կառույցներն անխտիր ապրել են կոռուպցիայով, նրանց պետերն ու նախարարները գումարներ են դիզել այդ կոռուպցիոն գործարքների միջոցով, դրանցից գոյացած միջոցներից բաժին են հանել նաև իրենց աշխատակիցներին, անունն էլ դրել հավելավճար։ Իսկ հիմա, պայմանավորված բազմաթիվ գործոններով, օրինակ՝ արտագաղթով կամ էլ մարդկանց ՝ պետական համակարգում գործի անցնելու համար մեծ չափի կաշառքի վճարողունակության անկմամբ և այլն, և այլն, պետական պաշտոնյաների այս՝ գրպանները լցվող միջոցները տնտեսական այս խայտառակ ցուցանիշներին զուգահեռ կտրուկ նվազում են։ Եվ սա կանխատեսելի էր, քանի որ կոռուպցիան քաղցկեղի պես մի բան է․ եթե այդ չարորակ բջիջներով հիվանդ է օրգաններից մեկը, բայց ոչ մի բուժիչ և կանխարգելիչ քայլ չի կատարվում, դրանք ախտահարում են ներքին մյուս օրգանները՝ վերջնականապես սպանելով օրգանիզմը։
Հիմա մեր մեր պետությունն էլ մի օրգանիզմ է, որի պետական ապարատն արդեն արագորեն պատվում է չարորակ ուռուցքներով։
Այսօր դրանք հասել են պետական ցածր և միջին օղակներին, վաղը դրանք կհասնեն նաև վարչության պետերին, նախարարներին։
Բայց, լավ, մինչև ե՞րբ և որքա՞ն պետք է աչք փակենք այս հիվանդության վրա, թե՞ արդեն մեր պետական հիվանդ օրգանիզմի վիճակն այնքան անմխիթար է, որ ոչ մի բժիշկ փրկության հույս չի տալիս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել