Картинки по запросу Կանանց մասնակցությունը ՀՀ քաղաքական գործընթացներինՎերջին շրջանում քանիցս խոսել եմ ՀՀ ներքաղաքական կյանքի, այդ թվում` քաղաքական էլիտայի մասին: Այս անգամ կանդրադառնամ էլիտայի սեռային բաշխվածության նկարագրությանը: Հարկ է նշել, որ ՀՀ-ում իգական սեռի ներկայացուցիչները քաղաքական էլիտայի փոքր մաս են կազմում, այդուհանդերձ, որոշ առանձնահատկություններ և միտումներ նշմարվում են:

Ընդհանուր առմամբ, կանայք ՀՀ-ում զբաղեցրել/զբաղեցնում են բարձրագույն պաշտոնների ընդհանուր թվի 4.7 տոկոսը և նրանց զգալի մասը (61.7 %) ԱԺ պատգամավորներ են: Այս օրինակը վկայում է այն մասին, որ ՀՀ քաղաքական էլիտայի շրջանակներում կանանց ներկայացվածությունը, հնարավոր է, ավելի ցածր լիներ, եթե չլինեին ֆորմալ կանոնակարգերը, որոնք կուսակցական ցուցակներում ընդհանուր տեղերի առնվազն 20 %-ը կին ներկայացուցիչներին են վերապահում: Սակայն սեռային քվոտաների այս կիրարկումը համեմատաբար նոր իրողություն է ՀՀ-ում, ինչը ցույց է տալիս, որ մինչ այդ քվոտաների ներդրումը կին գործիչները նույնպես ավելի հաճախ համամասնական համակարգի միջոցով էին ընտրվում խորհրդարան:

Մեծամասնական պատգամավորների միայն 2.6 %-ն է կին` ցուցանիշ, որը նախկինում տատանվում էր 0-ից 4.7 %-ի միջև:
Կին քաղաքական գործիչների նման համամասնությունը (2.8 %) բնորոշ է նաև ՀՀ կառավարությանը: Նախկին երկու նախագահների կոմից նշանակվել է երկու կին նախարար, իսկ գործող նախագահը գործադիրում կանանց թիվը հասցրել է երեքի: Նշեմ, որ հետխորհրդային Հայաստանում մենք ունեցել ենք միայն մեկ կին մարզպետ, որը կազմում է նման նշանակումների ընդամենը 2.1 %-ը: Ոչ մի տարիքային առանձնահատկություն չի հայտնաբերվել քաղաքական էլիտայի արական և իգական սեռի ներկայացուցիչների հավաքագրման հարցում:

Ի տարբերություն որոշ տղամարդկանց` ոչ մի կին չի համալրել քաղաքական էլիտայի շարքերը՝ չունենալով բարձրագույն կրթություն. առավել շատ հանդիպում են սոցիալական գիտությունների և իրավագիտության ոլորտի ներկայացուցիչները: Կանանց նույնպես բնորոշ չեն քաղաքական էլիտայի շարքերը համալրելու յուրահատուկ ուղիները. մինչ քաղաքական կարիերայի սկիզբը նրանց ավելի քան կեսը մտավորականության ներկայացուցիչներ կամ քաղաքացիական ծառայողներ են եղել:
ՀՀ-ի համեմատ կանայք ԼՂՀ-ում երկու անգամ ավելի շատ են ներկայացված (բոլոր դեպքերի 8.8 %-ը): Կանանց ներկայացուցչությունը զգալիորեն ավելի հավասարակշռված է տարբեր պաշտոններում (կանանց 26 %-ը համամասնական ցուցակներով ԱԺ պատգամավորներ են, իսկ 22 %-ը եղել են նախարարներ):

Ավելի ավանդական համարվող ԼՂՀ-ի տարածքում կանանց ներկայացվածության բարձր ցուցանիշների հնարավոր բացատրությունը կարող է լինել հետպատերազմյան հասարակությունում տղամարդկանց հարաբերական փոքրաթիվությունը, հատկապես այն ժամանակ, երբ աշխատանքային տարիքի տղամարդկանց մեծ մասը հավաքագրվել է զինծառայության մի հասարակությունում, որն ունի մեկ շնչի հաշվով զինվորականների թվի ամենաբարձր ցուցանիշներից մեկն աշխարհում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել