Ստորագրությանս այս տողը պատասխանում է այդ հարցին՝ ավելի ճիշտ պատասխանի որոնման այն ուղին ու տեղը, որի օգնությամբ ու միջոցով կարող ենք հասնել դրան: 

Մարդը (Միկրոտիեզերքը) և Տիեզերքը (Մակրոտիեզերքը) մի են:

Ինչ որ վերևում է, այն էլ՝ ներքևում...

Ինչ որ մեր ներքինում է, այն էլ՝ արտաքինում...

Մարդ արտաքին աշխարհն ընկալում է այնպիսին, ինչպիսին իր ներքնաշխարհն է, այլ կերպ ասած՝ տեսնում ու ընկալում է այն, ինչ որ կա իր ներքինում. եթե մարդ սև ակնոց է կրում («հոգու աչքերի» մասին է խոսքս), ապա աշխարհն էլ նրա համար այդպիսին է, եթե վարդագույն ակնոց է կրում, աշխարհն էլ վարդագույն է երևում և միայն Իմաստուն՝ ինքն իրեն ու հետևաբար ողջ Տիեզերքը ճանաչող մարդն է, որ ակնոց չի կրում ու տեսնում է ողջ Իրականությունը, Ճշմարտությունը, այլ ոչ թե ակներևը, խաբկանքը...

Մտածեք ընդգծածս հատվածների վրա և ինքներդ զուգահեռներ անցկացրեք մարդու ու Տիեզերքի միջև և չեք սխալվի երկուսի ճիշտ ընկալման ու գիտակցման մեջ... Փորձեմ մի փոքր մանրամասնել, քանզի հասկանալի պատճառով չեմ կարող այդքանը գրել. նախ ասեմ, որ Ոգու անմահության ու վերամարմնավորման օրենքի մասին խոսելիս պետք չէ դրանք համարել կրոնական մոտեցում, որովհետև դրանք շատ ավելի փաստացի, իրական ու ճշմարիտ են արտացոլում իրականությունը, քան բազում ու բազում գիտական ներկայիս փաստերը, որոնք ժամանակի ընթացքում կարող են հերքվել ու փոփոխվել ու տեսնում ենք, որ այն, ինչ մի ժամանակ համարվում էր գիտական անհերքելի փաստ, այժմ դա կասկածի տակ է դրվում կամ նույնիսկ հերքվում ամբողջությամբ: Բայց չէ՞ որ կա նաև արևելյան գիտությունը, որն ունի իր ուսումնասիրման մեթոդները ու մարդու և Տիեզերքի ներքին էության բացահայտման ոլորտում նրանք այնքան առաջ են անցել արևմտյան գիտությանը, որ դեռ նոր նոր արևմուտքի գիտնականները սկսում են մարդու և Տիեզերքի էության բացահայտման ու մի բան հասկանալու համար դիմել արևելքին, քանզի դրան նրանք երբեք էլ չեն կարող հասնել իրենց նյութական ու սահմանափակ ուսումնասիրման մեթոդներով: Եվ այսպես (սրտից թույլ մարդիկ կարող են չկարդալ հետագա տողերը:) ).

Տիեզերքը՝ ինչպես և մարդը, ունի ֆիզիկական մարմին (արտաքին աշխարհը), հոգի (նեքին աշխարհը) և Անմահ Ոգի (Էությունը). Տիեզերքի Ոգին՝ ինչպես և մարդունը, Անմահ է և մարմնավորվում է ֆիզիկական ոլորտում՝ մարդկանց պատկերացման մեջ դա «ծնունդն» է (քրիստոնյա մեր մասնակիցների համար դա կարելի է բացատրել Աստծո Հիսուս Քրիստոսի կերպարանքով մարմնավորմամբ, քրիշնայականների համար՝ Աստծո Քրիշնայի կերպարով մարմնավորումը և այլն) կամ հեռանում այդ ֆիզիկական ոլորտից ու առանց Էության մնացած իր ֆիզիկականը բնականաբար քայքայվում է ու տարալուծվում իր համապատասխան ոլորտի մեջ՝ ինչին մարդիկ տվել են «մահ» անվանումը: 

Բացի դա՝ Տիեզերքը՝ ինչպես և մարդը, ունի դադարի՝ հանգստանալու փուլեր՝ այսպես ասած «քնի» ժամանակահատվածը, որից Տիեզերքը՝ ինչպես և մարդը, վեր է կենում թարմացած, նոր ուժերով ու եռանդով - հիշեք Նոյին, որը միակը չի եղել մարդկության պատմության մեջ ու ոչ էլ վերջինը կլինի, քանզի ժամանակ առ ժամանակ Տիեզերքն էլ դադարի կարիք է ունենում. այն կարելի է համեմատել նաև քննությունների ընթացքում տրված դադարի հետ, որի ժամանակ պատրաստվում ու հետո հանձնում է աշակերտն այդ քննությունը, և այդ քննությամբ էլ որոշվում է, թե տվյալ աշակերտը կարո՞ղ է տեղափոխվել հաջորդ դասարան, թե՞ ոչ... Նոյը՝ մարդկանց հավաքական կերպարը, ներկայացնող դերակատարը, ինչպես նաև կենդանական ու բուսական աշխարհի այն ներկայացուցիչները, որոնք համապատասխանում էին գալիք փուլին անցնելու մակարդակին, նրանք անցան, իսկ նրանք, ովքեր շարունակում էին իրենց սխալ կյանքն ու չէին հաշվի առնում կյանքի դասերը և դրանցից դասեր չէին քաղում, մատնվեցին կորստի՝ չանցան գալիք փուլ, քանզի արդեն չէին համապատասխանում այդ փուլի պահանջներին...

Տիեզերքում՝ ինչպես և մարդկային կյանքում, ամեն վայրկյան մոլորակներ են ծնվում ու մահանում, բայց նա հավերժ կա ու կլինի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել