Image result for Պանթուրքիստական<<Պանթուրքիստական միջանցք>>. Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը կկապեն Ասիան ու ԵՄ

Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրել են Աշգաբադի համաձայնագիրը, որը նախատեսում է Պեկինի ու Լոնդոնի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծում:Համաձայնագիրը ստորագրել են Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը, Թուրքմենստանի ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մաքսաթ Այդոգդիևը և Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Արիֆ Ասկերովը:
Նշենք, որ վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան: Թուրքմենստանը ցանկանում է Կասպից ծովի տարածաշրջանում վերածվել Կենտրոնական Ասիա-Կովկաս-Եվրոպա՝ TRACEKA միջազգային տրանսպորտային-կոմունիկացիոն միջանցքի կարևորագույն օղակի և Մերձկասպյան տարածաշրջանի յուրօրինակ դարպասների՝ Նոր մետաքսե ճանապարհի վրա:

Կասպից ծովի ավազանում Թուրքմենստանի կողմից նախատեսված խոշորագույն տրանսպորտային, ինչու ոչ և աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող այս նախագիծը միակը չէ Կասպյան ավազանում:

Կասպից ծովի արևմտյան՝ ադրբեջանական ափին նախատեսվում է Բաքվի մերձակայքում կյանքի կոչել Ալյաթ նոր նավահանգիստը, որը իր հերթին տրանսպորտային՝ լաստանավային փոխադրումներով կկապվի Թուրքմենբաշիի նոր նավահանգստի հետ՝կազմելով Կասպյան ավազանում նոր տրանսպորտային ինտեգրացիայի մի մասնիկը:Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ:

Թուրքմենստան-Ադրբեջան՝ Ալյաթ և Թուրքմենբաշի նավահանգիստների միջև տրանսպորտային երկկողմ կապերը կդառնան եռակողմ, երբ այս տրանսպորտային յուրօրինակ միջանցքին կմիանա նաև Ղազախստանի Աքթաու նավահանգիստը, որից այժմ նավթ, գազ և այլ բեռներ են տեղափոխվում Բաքվի նավահանգիստ, այնուհետև երկաթգծով դեպի Սև ծովի Բաթում և Փոթի նավահանգիստներ և ԵՄ:

Կասպյան ավազանում կձևավորվի յուրօրինակ Մերձկասպյան թյուրքական երկրների տրանսպորտային եռանկյունի՝Աքթաու-Ալյաթ-Թուրքմենբաշի ուղղություններով: Այդ նոր միջանցքը կշրջանցի Ռուսաստանին և թույլ կտա Մերձկասպյան երկրներից Թուրքմենստանին և Ղազախստանին նվազեցնել իրենց տարանցման հետ կապված կախվածությունը Ռուսաստանից՝դիվերսիֆիկացնել արտահանման ուղղությունները արևմտյան ուղղությամբ:

Ադրբեջանն էլ վաղուց հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել իր տարանցիկ հնարավորությունները՝երկաթգիծ, ավտոմայրուղիներ, գազանավթատարներ կենտրոնական ասիական երկրների համար, դառնալով Ղազախստանի և Թուրքմենստանի համար պատուհան դեպի Արևմուտք և Թուրքիա:
Բացի այդ, Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի երկաթգծերի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել մրցակցային սակագներ բեռնափոխադրումների համար: Երեք երկրների երկաթգծերի ղեկավարներն Աստանայում հանդիպել են Ղազախստանի բեռնափոխադրողների, խոշոր օպերատորների ու բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների հետ:Քննարկվել են բեռների փոխադրման փոխշահավետ պայմանները:
Խոսքը գնում էր մետաղների, ցորենի, նավթամթերքների կոնտեյներային փոխադրումների սակագների իջեցման մասին՝Ղազախստանի, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքով դրանք փոխադրելու ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել