Երբ կարդում եմ հանրաճանաչ մտածողների խորհերն իրենց սեփական ժողովրդների մասին, միշտ բռնացնում եմ ինձ այն մտքի վրա, որ այդ գրվածքների բացարձակ մեծամասնությունը ճիշտ է նաև հայրեիս համար։ Այսինքն այն խնդիրները, որոնք առկա են մեզանում, խորթ չեն նաև անգլիացիների, չինացիների, ռուսների, հրեաների, ֆրանսիացիների և գրեթե բոլոր ուրիշ ժողովուրդների համար։ Բայց ազգերի ու պետությունների մի մասը լուծում կամ փորձում է լուծել այդ խնդիրները, իսկ մյուս մասը՝ օգտվում առաջինների լուծումներից։ Անունն էլ դնում «միջազգային փորձ»։ Որպես կանոն առաջինները հաջողում են, երկրորդները՝ ոչ։ Որովհետև այն լուծումը, որն արդյունավետ է, օրինակ, անգլիացու համար, կարող է ողբերգություն դառնալ այլ ազգերի համար։ Եվ ճիշտ հակառակը։
Հիմա նստած մտածում եմ՝ ինչի՞ վրա պիտի հիմնվի մեր միտքը, եթե փորձենք խորհել Հայաստանի ապագայի մասին։ Մինչ օրս միայն «միջազգային փորձ» ենք դրել մեր պետության հիմքում։ ԱՄՆ֊ից, Եվրոպայից, Ռուսաստանից «գողացել» ու բերել ենք այն ամենալավը, ինչն իրենք ստեղծել են իրենց պետության ու հանրության համար։ Երևի այդպես պիտի «սուպեր ժամանակակից» և «ուլտրակենսունակ» պետություն դառնայինք, հա՞։ Իսկ ինչու՞ չստացվեց։ Մտածե՞լ եք։
Ու ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում, օրինակ Մաշտոցի դարաշրջանում, կամ դրանից առաջ ու հետո ընկած հատվածում, մենք դեռ գիտեինք սեփական լուծումներ ունենալու գաղտնիքը։ Բայց չգիտես երբ ու ինչ պայմաններում մոռացանք։ Ու հիմա անընդհատ բողոքում ենք, թե պետության զարգացման տեսլական չունենք։ Չգիտենք, թե ինչ երկիր ենք ուզում ունենալ ապագայում...
Է, որտեղի՞ց իմանանք, եթե սկի չենք էլ մտածում դրա մասին։ Սկի չգիտենք էլ, թե ոնց ու որտեղից է պետք սկսել մտածել։ Փոխարենը սպասում ենք, թե վաշինգտոններում ու մոսկվաներում էլ ինչ նոուհաուներ ի հայտ կգան, որ «միջազգային փորձ» յառլիկի տակ նորից ներմուծենք Հայաստան։ Իսկ հետո էլ նորից բողոքենք, որ երկրում արդարություն չկա, տեսլական չկա, միտք ու գաղափար չկա...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել