Նիցցայի Սուրբ Աստվածածին եկեղեցում հավաքված են եղել 24 կարգալույծ արված նախկին եկեղեցական այրեր, որոնք առաջին ժողովն են անցկացրել, որտեղ օրակարգի գլխավոր թեման Գարեգին Բ կաթողիկոսն ու նրա կայացրած որոշումներն են եղել։ Փաստորեն մեր Եկեղեցում արդեն ընդդիմություն է ձևավորվում, որը կարող է բերել Եկեղեցու պառակտման, որովհետև այն տասնյակ կարգալույծ հոգևորականները, ովքեր դարձել են այդպիսին զուտ Կաթողիկոսի կամոք, արդեն սկսել են համախմբվել իրար շուրջ և բացեիբաց հայտարարում են, որ ուզում են ստիպել հրաժարական տալ Գարեգին Բ-ին։ 
Միշտ խուսափել եմ ու զգուշացել եմ Եկեղեցու ներքին հարցերին անդրադառնալուց, բայց դե լռել էլ չի ստացվում։ Օրինակ՝ այսօր պարզեցի, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պաշտոնավարման 12 տարիների ընթացքում կարգալույծ է արել մոտ 100 հոգևորականի, այդ թվում մի շարք արքեպիսկոպոսների։ Եվ սա այն դեպքում, երբ նույն Նավասարդ Կճոյանը առանց ամաչելու իր «Բենթլիով» է շարունակում շրջագայել, օր չի անցնում առանց հերթական սկանդալի եկեղեցու շուրջ, իսկ կաթողիկոսի մերձավոր շրջապատը բարձր պաշտոններ է զբաղեցնում ինչպես եկեղեցական, այնպես էլ աշխարհիկ իշխանական բուրգում...
Միևնույն ժամանակ, մեծ հաշվով ոչ մի կարևոր հարց չի լուծվել այս 12 տարիների ընթացքում, իսկ հանրային վստահությունն առ Եկեղեցի դանդաղ, բայց ստաբիլ անկում է ունենում տարեցտարի...
Հիմա ինձ մեկ հարց է տանջում. որքանո՞վ է այս մարդն արժանի Ամենայն Հայոց Կաթողիկոս կոչվելու, երբ նա իր պաշտոնավարման տարիների ընթացքում միշտ հայտնվել է սկանդալների ու խայտառակ ասեկոսեների կիզակետում, իսկ կարգալուծությունների քանակով գրեթե ռեկորդ է սահմանել, միևնույն ժամանակ՝ ոչ մի բան չանելով կարգալուծությանն իրապես արժանի հոգևորականների հետ...
Ախր ունեինք Վազգեն Վեհափառ, ում անունը ևս փորձում էին վարկաբեկել, բայց նա ժողովրդական պաշտամունքի առարկա էր, ում մինչ օրս էլ հիշում են մեծ ջերմությամբ ու կարոտով և ունենք Գարեգին Բ, ով ժամանակին կաթողիկոս դարձավ էապես այն բանի համար, որ դրան անմիջականորեն նպաստեց նրա զեմլյակը՝ Վազգեն Սարգսյանը և ում նկատմամբ վերաբերմունքից խոսելիս հաստատ խոսք չի կարող գնալ ժողովրդական պաշտամունքի մասին, լավագույն դեպքում լռում ենք, որպեսզի չտուժի եկեղեցու իմիջը, բայց դե մինչև ե՞րբ...

Մի խոսքով, տխուր է, շատ տխուր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել