Ի՞նչն է պատճառը, որ բանավիճողը սկսում է դիմացինին պիտակավորել ... «դավաճան», «ծախված», «գործակալ»՛..., երբ դիմացինը արտահայտում է իրենից 180 աստիճան տարբերվող տեսակետը հարցի վերաբերյալ: 
Ճի՞շտ եք համարում, երբ բանավեճի մեջ օգտագործվում են այդպիսի հնարքներ: Արդյո՞ք կարելի է որակավորել մարդուն մտքի համար: Շեշտում եմ՝ մտքի և ոչ թե գործողության...
Խիստ կարևոր թեմա է, որին արժե անդրադառնալ: Իրականում մտքի համար պիտակավորումը արևմտյան քաղաքակրթության, արևմտյան կեցության ու գիտակցության ամենատարածված երևույթներից է, առանց որի դժվար է պատկերացնել որևէ քաղաքական ինստիտուտ, գիտության կամ մտածողության որևէ ոլորտ: Կարելի է ասել, որ արևմտյան քաղաքակրթության ինքնադիտման, ինքնագնահատականի հիմքում ընկած է հենց այդ պիտակավորումը մտքի համար: Օրինակ՝ փիլիսոփայության պատմությունը` որպես գիտություն, և ապա բոլոր այն գիտությունները, որոնք կապված են փիլիսոփայության հետ, շատ լավ պիտակավորում են գրեթե բոլոր խոշոր մտածողներին` Պլատոնից մինչև Յունգ, Արիստոտելից մինչև Ժիլսոն, Էպիկուրից մինչը Սարտր, Քամյու, Հայդեգեր և այլն: Իրականում` իդեալիստ, մատերիալիստ, էքզիստենցիալիստ, սխոլաստ և նմանատիպ այլ բնորոշումները պիտակավորումներ են, և դա ակնհայտ է յուրաքանչյուր լուրջ ուսումնասիրողի համար: Սակայն ակնհայտ է, որ այնուամենայնիվ բոլոր խոշոր մտածողները իրենց նախորդների ու իրենք իրենց մասին խոսում են հենց այդ պիտակներով, ինչն էլ հենց հաստատում է այն, որ արևմտյան քաղաքակրթությունը ինքն իրեն հայում է ու հասկանում պիտակներով: Հարցը, թե ինչու՞ է այսպես, բավականին լուրջ քննության առարկա է, սակայն կարելի է նշել մեկ հիմնական հանգամանք. պիտակավորումը, ընդ որում նաև՝ սեփական անձի պիտակավորումը, որը նույնքան տարածված հոգեբանական երևույթ է, որքան դիմացինի պիտակավորումը, իրեն ու դիմացինին ավելի հեշտ հասկանալու, նրա մտքերը դասակարգելու, դրանց պատասխանելու կամ համաձայնելու համար է, այսինքն՝ նրա համար, որպեսզի մարդը կարողանա կողմնորոշվել ինքն իր հետ ու դիմացինի հետ դիալոգի կոնտեքստում և կարողանա այդ կոնտեքստում դրսևորել այնպիսի վարք կամ մտածողություն, որը նա համարում է ադեկվատ: Կարևոր է նաև հասկանալ, որ մարդը պակաս հանցագործություն չի անում, երբ իրեն անվանում է, ասենք, «հայրենասեր» կամ նման մի բան` մտնելով այդ երևույթի շուրջ ձևավորված պատերնի մեջ և կորցնելով իր անձնական, ունիկալ, մարդկային դեմքը: Մի խոսքով` պիտակավորումը ինքն իրեն դիմացինին հեշտ, մակերեսայնորեն գնահատելու համար է, որը օգնում է հեշտ մտածել ու հեշտ ապրել, բայց մտածել ու ապրել մակերեսում, այսինքն` իրականում` ոչ մտածել ու ոչ էլ ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել