Ուրեմն, ապահով թեկնածուի շտաբի մշակած հրապարակային քարոզի ամբողջ ռազմավարությունը, թույլ տվեք ասել, ռեվերսիվ քարոզն էր` շուռտվիկը. երկրում ինչքան զռթուզիբիլ, խայտառակ, ամոթալի բան կա` պատմել ու ասել, թե բա խնդիրներ են` լուծելու ենք ապահով Հայաստան կերտելու համար, չխորշեցին նաեւ այդ խնդիրների մի մասը այլոց վրա շարելուց, եթե մի քանի նույնականացման տարրերն էլ չլինեին քարոզներում (թեկնածուի անուն, ազգանուն, նշանաբան, մրցակիցների նույնականացվող հիշատակումներ), կարելի կլիներ կարծել, թե հենց մրցակիցների կամ ընդդիմադիրների ելույթներն են դրանք, որ բոլորովին ուրիշ թեկնածու է կարդում: 

Ամենայն հավանականությամբ` գիտակցված եւ հաշվարկված հրապարակային քարոզը սարքված էր այնպես, որ ասես խոսվում էր միջին քաղաքացու սրտից, դարդից, ու ֆինալը` մեր ապահով թեկնածուին ընտրեք, երեւի հաշվարկը ապուշ ընտրողն էր: Ակնհայտորեն գովազդի ազդեցությունը գերագնահատել են շտաբում, վերագրելով երեւի, թե ամենազորություն` ասենք-ասենք հաստատ կազդի, մոտավորապես: Սակայն միամիտ չենք ոչ միայն մենք, այլեւ իրենք, ասում` «...չուկչին հարիֆ չէ, չուկչին մշտական էլ ունի», մոտավորապես` ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը ջեբներում դրած է, երբ էլ լինի` կօգտագործեն, ու «բարձր ցուցանիշները» կմեկնաբանեն լավ քարոզարշավով:

Անգամ ամենամիամիտ ընտրողը սակայն գիտե, որ ապահովի թվարկած բոլոր խնդիրների գլխավոր պատասխանատուն հենց Սերժ Սարգսյանն է, եւ դժվար է համոզել մարդկանց, թե` ահա նոր եկավ, տեսավ ու որոշեց լուծել դրանք.«Ու՞ր էիր, ախպորը ղուրբան, անցած 5+ տարիներին, բա դու չէի՞ր, որ գլխավոր պաշտոն էիր զբաղեցնում անցած տարիներին, հիմա եկել, մեր դարդերը մեզ պատմում ես, որ ի՞նչ անես..., իբր մենք տեղյակ չէինք»: էս եւ հարանման հարցերն են, որոնց ոչ պատասխան ունեն, ոչ էլ պատասխանատվության զգացումն է անհանգստացնում թեկնածուին ու շտաբայիններին: Ո՞վ էր խանգարում քեզ լուծելու պրոբլեմները, ցույց տուր մեկին` կտրենք ականջները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել