«Պարույր Հայրիկյանի վերջին գործողությունները` այո-ոչ, կհանեմ-կդիմեմ-չեմ հանի, կասկածանքի տեղիք է տալիս, թե նա իրապես ընդդիմություն է, թե` ոչ: Նա մինչեւ հիմա որեւէ քննադատական խոսք իշխանությունների հասցեին չի ասել: Այսօր էլ հայտարարություն է տարածել, որ միայն Սերժ Սարգսյանը քարոզարշավը դադարեցրեց, երբ ինքը հիվանդանոցում էր: Դա պարզապես սուտ է: Սերժ Սարգսյանը մեկ օրով է դադարեցրել, ես՝ երկու օրով, եւ ամեն օր քարոզարշավը մեզ վրա նստում էր 3000-5000 դոլար: Հաշվենք, որ ես սուբսիդավորել եմ Պարույր Հայրիկյանի քարոզարշավը։
Այդ ամենն իմ մեջ արդեն հույսեր չի ներշնչում: Որեւէ մեկի օգտին իմ թեկնածությունը հանելու համար ես պիտի համոզված լինեմ, որ 100 տոկոսանոց ընդդիմադիր գործչի հետ գործ ունեմ: Ես սկսեցի կասկածել, թե միասնական թեկնածուի անվան տակ հնարավոր է ամեն ինչ ուղղված լինի նրան, որ ընդդիմադիր թեկնածուները չեզոքանան, եւ տխրեցի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը եւս հասկացնել տվեց, որ կշնորհավորի: Իհարկե, դա իրենց իրավունքն է: Բայց գիտեք, մենք երեքով թուղթ էինք ստորագրել, դրել էինք ցուցակների պահանջ, որը չէր հարգվել: Իսկ մենք ասել էինք, որ եթե այս պահանջները չհարգվեն, ընտրությունները չեն կարող լինել արդար: Այստեղ իմ ամբողջ եռանդը, երեքի շրջանակներում համագործակցելու, մարեց»։

Այսպես է պատասխանել նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը՝ Պարույր Հայրիկյանի այսօրվա հայտարարությանը, որում վերջինս մեղադրում էր բոլոր թեկնածուներին, բացի Սերժ Սարգսյանից, իր մահափորձի կազմակերպիչներին անուղղակիորեն սատարելու մեջ։ Բացի դրանից՝ Հայրիկյանը մեղադրել էր այլ թեկնածուներին, որ նրանք չդադարեցրին իրենց քարոզարշավը՝ Սերժ Սարգսյանի օրինակով, ինչպես նաև չուզեցան միանալ միասնական թեկնածու ունենալու իր առաջարկությանը։

Ամեն դեպքում, կարելի է ասել, որ Բագրատյանը շա՜տ կոռեկտ ու մեղմ է պատասխանել Հայրիկյանին, ով իր վարքով ու հայտարարություններով, իր իսկ ձեռքերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իրեն պատասխանելն արդեն իսկ շռայլություն է լուրջ քաղաքական գործիչների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել