Դուրս եկեք փողոց, գնացեք տոնավաճառ կամ խանութ, որտեղ վաճառում են գրենական պիտույք և ամենուր կտեսնեք նույն պատկերը. մտահոգ դեմքով ծնողներ` ձեռքներին թափանցիկ կամ կիսաթափանցիկ տոպրակներով տետրեր ու գրիչներ ու նրանց կողքից քայլող երեխաներ, որոնց մի մասը ուրախ ու ոգևորված է իր նոր օրագրով ու մատիտներով, մյուս մասն էլ ծնողներից էլ ավելի տխուր տեսք ունի, որովհետև չեն կարողացել գնել հենց իր ուզածը:
 
Ցավալի է, բայց փաստ, որ մեր երկրում գրեթե բոլոր տոները գնալով վերածվում են հոգսաբեր պարտականության և գնումների մրցավազքի:
 
Այսօր BlogNews-ը շրջել է երևանյան գրախանութներով և փորձել դպրոցական երեխա ունեցող ծնողի դիտանկյունից հասկանալ իրավիճակը, ծանոթանալ գներին, ինչու ոչ, նաև առաջարկվող գրենական պիտույքի որակին:
 Այցելեցինք և՛ բոլորին հայտնի գրախանութները, և՛ տանավաճառներ, և՛ սուպերմարկետներ ու սովորական խանութներ: Առաջինն, ինչ աչքի ընկավ, բավականին շատ էին ծնողներն, ովքեր սեպտեմբերմեկյան գնումները թողել էին վերջին օրվան: Ինչպես գիտենք, սա այնքան էլ բնորոշ չէ անհանգիստ բնավորության տեր հայերին, ովքեր ամեն առիթի դեռ ամիսներ առաջ են սկսում պատրաստվել: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ծնողներից: Գնումները վերջին օրվան թողնելու պատճառն ամենևին էլ ծնողների զբաղվածությունը չէ. այս ամենն ունի մեկ պատճառ`սոցիալական:
 
«3 երեխա ունեմ դպրոցական: Ամեն մեկին նոր պայուսակ, ամեն առարկայից հատուկ տետրեր, գրքերի կազմեր, գրիչ, կարկին, մատիտ, սոսինձ, ռետին ու հազար բան: Շատ դժվար է, թանկ է ամեն ինչ: Մտածեցի թողնեմ վերջին օրվան, կարող է մի քիչ էժանացնեն, բայց համարյա չի էլ էժանացել, միայն վազվզող ծնողների թիվն է ավելացել»,- ասաց տոնավաճառներից մեկում մեզ հանդիպած ծնողներից մեկը:
Այս պատկերը չկար միայն մի քանի թանկարժեք գրախանութում, որտեղ ծնողներին գներն էլ չէին հետաքրքրում, նրանք անհրաժեշտ պարագաների ցուցակները տալիս էին վաճառող-խորհրդատուներին, վերջիններս ամեն ինչ գտնում, դասավորում էին զամբյուղում, մնում էր միայն վճարել ու խանութից դուրս գալ: 
Հաջորդ հարցը, որը մեզ հետաքրքրում էր դա գների համեմատությունն էր:
Քաղաքի կենտրոնում գտնվող գրախանութներում գրենական պիտույքը բավականին թանկ է ծայրամասերի գրախանութների համեմատ: Օրինակ` այստեղ օրագրերի արժեքները սկսվում էին 800 դրամից և հասնում էին մինչև 1500 դրամ: Իսկ տոնավաճառներում նույնիսկ 300 դրամանոց օրագիր կարելի էր գտնել:
Բարակ տետրերի գները տատանվում էին 50-100 դրամի սահմաններում, ինչպես վաճառողներից մեկն ասաց` կախված թղթի որակից, գույնից և կազմի հաստությունից: Նույն չափանիշներից, բայց արդեն նաև  էջերի թվից էլ կախված` որոշվում են ընդհանուր տետրերի գները: Դրանք էլ տատանվում են 200-800 դրամի սահմաններում: 
Ինչպես մեզ ներկայացրեցին`գրենական պիտույքը  հստակ գին չունի, մեծ մասի գինը որոշվում է արտաքին տեսքից կախված:
Օրինակ զավեշտալի է, որ արտասահմանյան աստղերի, հայտնի ֆուտբոլիստների ու ամեն տեսակ հելո քիթիների նկարներով օրագրերն ավելի թանկ են, քան հայկականները, որոնց վրա պատկերված են  մեր հերոս զինվորները, հայ մեծերը և մեր ազգային արժեք Արարատ լեռը: Մեգան Ֆոքսի նկարով օրագիրը արժե 900 դրամ, Բեյոնսեն՝ 600, մեր զինվորների նկարներով օրագիրը` 400 դրամ: Բայց ուրախացրեց այն, որ վաճառողներն ասում էին` դրանք են ամենաշատը սպառվողները:
«Մեր հայերը ամեն ինչի մեջ պիտի հայկականը տեսնեն: Գալիս հարցնում են Արցախից տեսարժան վայրերի, «Պապիկ-տատիկ» նկարով տետրեր, հայ երգիչների ու Հենրիխ Մխիթարյանի նկարներով օրագրեր: Ավելի շատ դրանք են առնում, քան ուրիշ  նկարներով»:
Մեր հարցին, թե չենք տեսնում Քիմ Քարդաշյանի նկարով օրագիր, սպառվե՞լ է, թե՞ ընդհանրապես չի եղել, վաճառողը ծիծաղելով ասաց.
«Դե Քիմն էլ ա մերը էլի, հայ ա: Քիմի նկարով օրագիր չեն հարցնում, բայց, որ լինում ա, առնում են  շատերը»: 
Գրենական մյուս պարագաների գները ևս կախված են բացառապես արտաքին տեսքից: Որքան գունավոր, աչքի ընկնող, փայլփլուն, այնքան ավելի թանկ: 
Ծնողների խոսքով ամենաթանկը դպրոցական պայուսակներն են: Մի քիչ բարձր որակովները կարող են հասնել մինչև  20.000 դրամի: Իսկ 5000- 7000 դրամանոցները գրքերի ծանրությանը հազիվ մինչև տարվա կես են դիմանում:
Վաճառողներից մեկն ասաց, որ այս տարի ամենալավը  վաճառվում են  աղջիկների  համար նախատեսված «մեծական»  պայուսակները:
 
Ամփոփելով մեր լսածն ու տեսածը, կարող ենք ասել, որ միայն պայուսակի ու գրենական պիտույքի վրա ծնողները ծախսում են 20.000- 50.000 դրամ (1 երեխայի համար): Սրա մեջ են մտնում նաև դպրոցների կողմից պահանջված առարկաների հատուկ տետրերը: 
Պատրաստեց` Անի Հակոբյանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել