Ռազմական օմբուդսմենի ինստիտուտը կարող է դառնալ լավագույն գործիքներից մեկը` զինված ուժերի առջև ծառացած ներքին մարտահրավերները չեզոքացնելու գործում, որոնք մեր պատկերացմամբ, կայանում են հետևյալ հարցերի շուրջ.
• բանակային կոռուպցիա, հովանավորչություն,
• կադրային բանկի սահմանափակ ռեսուրս,
• ինտելեկտուալ զինվորականության սուղ պաշար,
• զինծառայողների բժշկական ապահովման ոչ լիարժեքություն,
• զորքերում ոչ կանոնադրական հարաբերությունների առակայության, ոչ ֆորմալ ինստիտուտների գերակայություն,
• զորանոցային, կենցաղային պայմանների բարելավում,
• զինված ուժերի ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի բարելավում.
• հասարակական վստահության ամրապնդում,
• զինված ուժերի համալրման համակարգի կատարելագործում (զորակոչային գործընթաց, պայմանագրային զինծառայության ընդլայնում):
Այս ամենին եթե հավելենք նաև այն, որ մեր ազգային գիտակցության մեջ դեռևս ամբողջովին արմատացած չէ սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելու, ավելին` խոր արմատներ ունի խնդիրը չբացահայտելու, քողարկելու, հարցերը սեփական պատկերացումներով լուծելու մտայնությունը, պատկերն ամբողջական է դառնում:
Հաշվի առնելով զինված ուժերի առանձնահատկությունները` վերը նշված մտահոգությունը դառնում է էլ ավելի շոշափելի, ավելին՝ ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումը դառնում է ոչ միայն անհրաժեշտություն, այլև ժամանակի պահանջ նաև այն առումով, որ հասարակությունն իրավասու է ոչ միայն իրազեկվելու զորքերում տիրող իրավիճակի մասին, այլև ակնկալելու իրավասու ատյաններից հաշվետվություն` զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին, որը կարող է օբյեկտիվորեն իրականացնել ռազմական օմբուդսմենի ինստիտուտը:
Անհրաժեշտ ենք համարում արձանագրել, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ չնայած զինված ուժերում գանգատարկման ընթացակարգերի գոյությանը` աշխարհի տարբեր երկրներ օմբուդսմանի ինստիտուտ ունեն, որի նպատակն է քննության առնել գանգատները՝ զինված ուժերում ոչ պատշաճ և իրավունքներ խախտող վարքագծի դրսևորումների, զինվորական քաղաքականության բացերի, ինչպես նաև զինված ուժերի համակարգային հիմնախնդիրների մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել