Картинки по запросу karimovՈւզբեկստանի նախագահ Քարիմովի մահվան մասին լուրերը շարունակում են հակասական մնալ։ Անկախ նրանից՝ դեռևս ողջ է նա, թե մեռած, մի բան պարզ է, որ հանկարծակի վրա հասած կաթվածը, որից հետո Քարիմովի առողջությունը հազիվ թե ների իրեն իշխանության ղեկը իր ձեռքում պահել, կարող է այս երկրում խժդժությունների և տարբեր կլանների միջև «գահակալական» կռիվների հրահրման պատրվակ դառնալ, քանի որ այս բռնապետը զրոյացնելով իր երկրում «գահին» հավակնող ցանկացած տարրի, միաժամանակ աչքի տակ դեռևս չուներ այն մեկին, ում համար իր կառավարման օրոք պետք է նախապատրաստեր գահը անխռով և հանդարտ նրան փոխանցելու գործընթացը։
Հիմա, երբ այդ մեկը չկա, մեծանում է իշխանության հավակնողների՝ ուստի և իշխանությունը զավթելու անզիջում պայքարի բռնկման հավանականությունը, մի բան, որը դյուր ենթադրելի էր քաղաքական այս մշակույթը կրող՝ թյուրքական և հետխորհրդային աղճատված հիմքերի վրա խարսխված այս երկրի պարագայում։ Պարզ է, որ հենց այս պատճառով են Քարիմովի մահվան մասին լուրերը հակասական։
Լինելով միջինասիական միակ պետությունը, որը պետական սահաման ունի տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում և Աֆղանստանի հետ, այստեղ նոր իշխանության պայքարը դառնում է ավելին քան ներպետական խնդիր, և սահուն կերպով գերտերությունների քաղաքական օրակարգ մտնելու մեծ նախադրյաներ է ձեռք բերում։
Ինչպես նշվեց վերևում, այս երկիրն ունի բացառիկ ռազմավարական դիրք, ուստի այն, որպես միջինասիկան տարածաշրջանի սրտում գտնվող երկիր մեծ նշանակություն ունի այս տարածաշրջանը մշտապես իր ազդեցության գոտի մտցնել ձգտող Ռուսաստանի համար, երկրորդ՝ ՆԱՏՕ-ի համար, որը չնայած ռազմական ներկայություն չունի այս երկրի հարևան Աֆղանստանում, սակայն չի հրարաժերվել և առաջիկայում էլ չի պատրաստվում հրաժարվել Աֆղանստանից, և իհարկե երրորդ՝ Մերձավոր Արևելքը և Միջին Ասիան կապող Իրանի համար, որն այժմ ձգտում է տիրապետող դարձնել իր ազդեցությունը իրանական էթնիկ մեծամասնություն ունեցող Աֆղանստանում, Տաջիկստանում, միաժամանակ զերծ պահելով այս շրջանը միջինասիական թյուրքերի ազդեցությունից։

Ամփոփելով՝ Քարիմովի կաթվածը միջինասիական նոր թնջուկի և շահերի ակտիվացման առիթ էր, որը կավարտվի այստեղ վերոնշյալ ուժային կենտրոններից մեկի հաղթանակով, որոնք առաջիկայում անպայման կսկսեն շահագործել այստեղի կլաններից որևէ մեկին, կա իհարկե նաև չորրորդ տարբերակը, այս երկիրը ազատվելով բռնապետական խիստ հսկողությունից կարող է շատ արագ հայտնվել կրոնական ծայրահեղական խմբավորումների ազդեցության տակ՝ նոր թեժ օջախ վառելով Միջին Ասիայի սրտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել