Նկարիչների միությունում այսօր կայացավ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ Ճանապարհից» անհատական ցուցահանդեսի բացումը, որին ներկա էին պաշտոնատար անձիք, արվեստագետներ։ BlogNews-ը ներկայացնում է միջոցառման հետաքրքիր պահերը։

2010 թվականից լինելով Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչը՝ Դավիթը բազմիցս ճանապարհորդել է և լուսաբանել պաշտոնական միջոցառումները։ Լուսանկարչի խոսքով՝ իր ցանկությունն է՝ պաշտոնական արարողությունների ընթացքում կարողանալ որսալ այնպիսի կադրեր, որոնցում պաշտոնյաները ներկայանում են հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերից դուրս:

«Քանի որ լուսանկարներս հրապարակվում են և շատերն արդեն տեսել են դրանք, այս անգամ փորձել եմ դրանք այլ կերպ ցույց տալ՝ ներկայացնելով արարողակարգից դուրս արված աշխատանքները։ Յուրաքանչյուր լուսանկարը մի ճանապարհորդության մասին պատմող փոքրիկ պատմություն է: Ինձ համար կառանձնացնեմ «Նախագահը Հորդանան գետում» լուսանկարը», - նշեց լուսանկարիչը։ 

Դավիթը ցուցահանդեսին ներկայացրել է 40 աշխատանք՝ պետությունների ղեկավարներ, հայոց բանակ, հոգևոր թեմա, սպորտ, բնապատկերներ խորագրերով: Ըստ Դավթի՝ թեև ցուցահանդեսին ներկայացված են նաև պաշտոնատար անձանց լուսանկարներ, որևէ սահմանափակում չի ունեցել։

Հայաստանի ամենաճանաչված լուսանկարիչներից մեկը՝ Մարտին Շահբազյանը, ով ևս տարիներ շարունակ եղել է Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչը, բարձր գնահատեց Դավթի աշխատանքները։ «Պաշտոնական լուսանկարներ անելն իր բարդություններն ունի։ Դավիթը շատ արագ ադապտացավ այս ժանրին և կարողացավ  ցույց տալ իր հնարավորությունները»,- ասաց նա։

       

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել