Ծայրաստիճան հետաքրքիր մի անդրադարձի հանդիպեցի՝ կապված Սերժ Սարգսյանի Գեղարքունիքի մարզում ունեցած ելույթի հետ, որում նա ասել էր.
«Եթե դուք անտարբեր դառնաք ու հանձնվեք այն գաղափարին, որն այսօր հնչում է ավելի կատաղի, քան երբևէ, թե՝ ձեր ձայնը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, որ դուք ոչինչ չեք որոշում, որ ձեր ձայնն արժեք չունի, ապա ձեր լռությունը անպայման կլրացնեն այլ ձայներ՝ նրանց ձայները, ովքեր տարիներ շարունակ ամեն ինչ արել են, որպեսզի Հայաստանը դառնա պղտոր ճահիճ, որ ամեն բան մնա անփոփոխ այս երկնքի տակ՝ հանուն սեփական նեղ խմբակային ու անձնական շահի: Նրանց ձայնը, ովքեր տարիներ շարունակ հաշվի չեն առել ձեր ձայնը, խլել են ձեր ապագան և արել ամեն բան, որ ընտրությունը չլինի ձերը, այլ ուրիշինը, որ ընտրվածը չլինի ձեր ընտրյալը: Նրանք, ովքեր սովոր են ամեն ինչ գնել, ինչ ցանկանում են ունենալ, նրանք, ովքեր պատրաստ են խլել այն, ինչ չեն կարողանում գնել, և նաև նրանք, ովքեր իրենց օրվա հացը վաստակում են այս իմ նշածների՝ առաջինների շահերը պաշտպանելով»։
Հեղինակը մասնավորապես արդարացիորեն նկատում է, որ սա հիրավի աննախադեպ ելույթ էր Սերժ Սարգսյանի համար, որովհետև թեև ոչ մի անուն չակնարկելով ու հնարավորինս դիվանագիտական հռետորիկայի հունի մեջ մնալով՝ նա այնպիսի բան է ասում, որը կարելի է որակել կա՛մ որպես ինքնախոստովանություն, կա՛մ որպես անցած տարիների գնահատական, կա՛մ էլ և´ մեկը, և´ մյուսը, որովհետև եթե Սերժ Սարգսյանը առաջ էլ էր հայտարարություններ արել կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների վերաբերյալ, ապա այս անգամ ոչ մի կոնկրետ ժամանակահատված չի առանձնացնում, ուստի կարելի է հետևություն անել, որ այս ակնարկը վերագրվում է ինչպես Լևոնի տարիներին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ու ինչո՞ւ ոչ, հենց իր՝ Սերժ Սարգսյանի առաջին պաշտոնավարման տարիներին։
Հեղինակի եզրահանգման հետ էլ չեմ կարող վիճել, համաձայն որի՝ այս ելույթը կարող է խոսել միայն երկու բանի մասին՝ կա՛մ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում հայտնվել է որոշակիորեն տհաճ իրավիճակում, կա՛մ ամեն ինչ չէ, որ գնում է նրա նախընտրած սցենարով, կա՛մ էլ, իհարկե, հակառակը՝ ամեն ինչ նրա համար այնքան հարթ է, որ նա իրեն թույլ է տալիս արդեն առանց մտավախության բաց խաղալ և որոշակիորեն նաև նման կերպ փորձել ավելացնել իր դիվիդենդները։
Ու իրոք, վերջում մնում է հարցերի հարցը. արդյո՞ք Սերժ Սարգսյանը կշարունակի քարոզարշավը այսպիսի բաց եղանակով և որ ավելի կարևոր է՝ արդյո՞ք խոսքը գործ կդառնա ընտրություններից հետո, և եթե այո, ապա ինչքանո՞վ։

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել