Օրվա խորհուրդը: /22.03.2012/
Մեծ պահքի 32-րդ օր /Բ Օր. 10.1-15, Հոբ 19.1-29, Ես. 45.1-13/

Եսայու մարգարեության մեջ Կյուրոսին ուղղված այս խոսքը, թե <<Ես քո անունով կանչեցի քեզ և ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տեր Աստվածը, և չկա մեկ ուրիշը: Թող իմանան արևելքից ու արևմուտքից, որ ինձնից բացի մեկ ուրիշը չկա:>>, շատ խոսուն է նաև մեր ժամանակների համար: Շատ հաճախ ենք մենք իրականում հաղորդակցվում, հանդիպում Աստծուն մեր կյանքում սակայն չենք կարողանում մեղքերի բեռի ներքո խոնարհված մեր հոգու կուրության պատճառով ճանաչել Նրան: Աստված անունով կանչում է յուրաքանչյուրիս. մեկին` ուրախության պահին, մյուսին` տրտմության մեջ, մեկ ուրիշին` հերթական հաղթանակը տոնելիս, ոմանց էլ` պարտության և հուսահատության սգի մեջ: Նա մշտապես է տալիս մեր անունը, սակայն, ցավոք, մենք չենք կարողանում ճանաչել Նրան ճշմարտապես, որովհետև փնտրում ենք Նրան խորհրդավոր, անհայտ, զորավոր երևույթների մեջ, բարձունքներում և կատարյալի մեջ, մեզ համար այլ աստվածներ ենք արարում, այնինչ իրականում Աստված մեր` անկատարներիս մեջ և միջև է, Իր կողմից կատարյալ և ներդաշնակ արարված աշխարհի` մարդու կողմից ապականված կյանքում: Ավետարանի` փրկարար Իր վարդապետության Բարի Լուրի միջոցով Քրիստոս մեզ հուշում է, թե իրականում որտեղ է Նա և ինչպես կարող ենք հանդիպել Իրեն: Հիշենք հետևյալ խոսքը` <<ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը. որովհետև քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք` խմելու. օտար էի, և ինձ ձեր մեջ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք>>: Ահա թե ինչպես Տիրոջը հոգատարելով մենք կարող ենք արժանանալ մեզ համար պատրաստված երկնքի արքայությանը: Քրիստոս իր հեղված արյամբ փրկագին վճարեց մեզ համար, որպեսզի այլևս մեր առջև պարզվի արքայություն տանող ճանապարհը, որպեսզի իրապես ազատ լինենք, ձերբազատվելով մեր մեղքերից, համաձակ քայլելու այդ նեղ և անձուկ, բայց և քաղցր ուղիով: Սակայն կամքը և որոշումը մերն է:
Այս պահեցողության շրջանին Աստված մարգարեի միջոցով մեզ զգուցացնում է նաև, որ հեռու մնանք տրտնջալուց: <<Ես եմ Տերը, որ հաստատեցի քեզ որպես մի լավ բան, ստեղծեցի քեզ իբրև բրուտի կավ: ...Մի±թէ ստեղծվածն իր ստեղծողին կարող է ասել, թեª ինչո±ւ այսպես ստեղծեցիր ինձ: Վա¯յ նրան, որ իր հորը կասի, թեª ինչո±ւ ծնեցիր ինձ, և մորը, թեª ինչո±ւ ծննդաբերեցիր ինձ>>: Ցավոք, մեզանում այդ ախտն ահագնանում է. տրտնջալու և դժգոհելու այդ հարամնա հոգեվիճակում մենք իբրև անհատներ և նաև իբրև հասարակություն պատրաստ ենք անխնա կերպով ոտնակոխ անել ամեն ինչ մեր ճանապարհին` թե Աստծուն, թե մեր կյանքի սրբությունները, թե Հայրենիքը, թե մեր կողքին գտնվող հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին և այդպես շարունակ մինչև իսկ մեր անձերը: Վերափոխվենք, դադարենք այդպես ապրել և ճանաչելով միակ Աստծուն` մեր գործերով իսկապես ժառանգորդներ դառնանք մեզ համար պատրաստված արքայության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել