Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների եղբայրական գերեզմանոցի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Ինչպես արդեն տեղյակ եք մեր նախորդ նյութից, տղաների ծնողների հավաստմամբ՝ ամենը կատարվում է ՀՀ ՊՆ-ի անմիջական վերահսկողությամբ ու ֆինանսավորմամբ,  և ինչպես խոստանում են վարպետներն ու բանվորները՝ Սուրբ Խաչի տոնին հաջորդող Մեռելոցին  պանթեոնը պատրաստ կլինի: Սակայն այս պատմությանը քիչ թե շատ ծանոթ քաղաքացիներին շարունակում են հուզել դեռևս անհասկանալի մնացած որոշ հարցեր, որոնց պատասխանները  ստանալու ակնկալիքով էլ BlogNews.am-ը  կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Մեր այն հարցին, թե ով է կապալառու ընկերությունը, որի շուրջ ծավալվել է կոնֆլիկտը, Հովհաննիսյանը պատասխանեց, որ կոնկրետ տեղեկություն չունի, բայց գիտի, որ մրցույթ էր հայտարարվել և տենդերը շահել էր հենց այդ կապալառու ընկերությունը: Թե ինչու՞ ընկերությունը թերացավ իր պայմանագրով նախատեսված պարտականությունների մեջ, Հովհաննիսյանը ևս կոնկրետ պատճառ չգիտի, բայց այն, որ Հայաստանում գրեթե բոլոր նման համագործակցություններն են ընթանում պայմանագրերի պայմանների ու ժամկետների խախտումներով՝ իր համար նորություն չէ: Թե  երբ պիտի ավարտվեին  շինարարական աշխատանքները ըստ տվյալ պայմանագրի, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ  մինչև  Սուրբ Խաչի տոնը: Հովհաննիսյանը նշեց նաև, որ շինարարական աշխատանքները ժամանակին չսկսելու միակ պատճառը եղել է ծնողների ու տվյալ կապալառու ընկերության միջև ծագած կոնֆլիկտը: Ծնողները դժգոհ էին արդեն իսկ կատարված աշխատանքներից, իսկ կապալառու ընկերությունն էլ այլևս չշարունակեց պայմանագրով նախատեսված իր պարտականությունների կատարումը:

Թե ինչո՞ւ նոր մրցույթ չհայտարարվեց նոր կապալառու ընկերություն ընտրելու համար մեր  դիտարկմանն ի պատասխան   Հովհաննիսյանն ասաց, որ  դա չի արվել զուտ ժամանակի անտեղի կորստից  խուսափելու  համար: «Հայաստանում մեկ ընկերության հետ պայմանագիրը խզելու, նոր մրցույթ հայտարարելու, նոր ընկերություն ընտրելու ու նոր պայմանագիր կապելու համար առնվազն 2-3 ամիս ժամանակ է պետք: Կոնկրետ տվյալ շինարարական ընկերության հետ ՊՆ-ն պայմանագիրը չխզեց միայն այն նպատակով, որպեսզի ավելորդ ժամանակի կորուստ չլինի: Աշխատանքները կատարում են ծնողների կողմից ընտրված վարպետներն ու բանվորները, իսկ վերոհիշյալ կապալառու ընկերությունը միայն միջնորդ է մնում ՊՆ-ի և ծնողների միջև, իսկ ավելի կոնկրետ՝ ՊՆ-ն ներկա պահին կատարվող աշխատանքների համար ծախսերի գումարները փոխանցում է այդ կապալառու ընկերության միջոցով»,- նշեց Հովհաննիսյանը:

Շինարարական աշխատանքները վերսկսելու համար ծնողների հավաքած մոտ 2 միլիոն դրամ գումարի փոխհատուցման վերաբերյալ Հովհաննիսյանը նշեց,- «Գերեզմանների շինարարական աշխատանքների համար դեռևս տղաների հուղարկավորություններից 20-25 օր անց էր ՊՆ-ն  զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին 4մլն 100 հազարական դրամ գումար փոխանցել: Սա օրենք է, և այն տարածվում է անխտիր բոլորի վրա: Զոհվածի ընտանիքը միայն այն դեպքում չի ստանում տվյալ գումարը, եթե զոհվածը հանգչում է Եռաբլուրում: Սակայն, երբ որոշվեց Շիրակի գերեզմանատանը պանթեոն ստեղծել, չնայած այն հանգամանքին, որ տվյալ գերեզմանոցում հանգչող տղաների ծնողներն արդեն ստացել էին վերոհիշյալ գումարը, ՊՆ-ն ցանկություն հայտնեց հոգալ նաև պանթեոնի ողջ շինարարության ծախսերը,  բացառությամբ գերեզմանաքարերի: Ոչինչ չի փոխվել, ՊՆ-ն, հավատարիմ իր խոստմանը, ներկա դրությամբ ամբողջովին վճարում է կատարվող աշխատանքների ծախսերը: Իսկ գերեզմանաքարերի համար ծնողներն արդեն ստացել են օրենքով հասանելիք գումարը, չհաշված, որ ամեն ընտանիք 1,5 -2 մլն դրամ գումար էլ տարբեր հանգանակումներից  է օգնություն ստացել: Նաև նախնական պայմանավորվածություն կար, որ Գյումրու քաղաքապետարանը պիտի հոգա գերեզմանաքարերի ծախսերը, բայց այս մասով ներկա պահին կոնկրետ ինֆորմացիա չունեմ: Իսկ այն, որ ՊՆ-ն միայն բարձրացված աղմուկից հետո է միայն միջամտել այս հարցին՝ սխալ է: Ամեն ինչ ի սկզբանե եղել է հենց ՊՆ-ի նախաձեռնությամբ: Տղաների ընդհանուր գերեզմանոցի փոխարեն պանթեոն կառուցելու գաղափարն ու ցանկությունը անձամբ նախարարինն է եղել»:  

Այս պատմության  մասնակից երեք կողմերից երկուսի՝  զոհվածների ծնողների ու ՊՆ-ի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել ու ստանալ հասարակությանն անհանգստացնող մի շարք հարցերի պատասխաններ: Սակայն երրորդ կողմը՝ այն է կապալառու ընկերությունը, որը թերացել է իր պարտականությունների կատարման մեջ,  շարունակում է  «անհասանելի»   մնալ և նրա տնօրենի հետ կապ հաստատել դեռևս չի հաջողվում: BlogNews-ի առաջիկա նպատակն է լինելու անպայման կապ հաստատել կապալառու ընկերության  ղեկավար ոմն Սարգիս Կոսեյանի հետ  ու վերջապես հարցնել,  թե ինչպե՞ս եղավ, որ զոհվածների գերեզմանների շինարարությունը ընկերությունը վստահեց ոչ կոմպետենտ  ու  անփորձ շինարարներին, ովքեր, տղաների ծնողների հավաստմամբ, խոստովանել էին, որ նմանատիպ շինարարական աշխատանք նախկինում երբեք չեն արել:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել