Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ, որպես լսարան հարգող մարդ, ինքը չի գրում իր ելույթները, այլ դրանց վրա աշխատում է թիմը: Գործող նախագահը պատճառաբանել է, որ հնարավոր չէ ինքնուրույն գրել օրական հինգ-վեց ելույթ:
Առնվազն տարօրինակ պնդում է, որովհետև նախագահը կարող է իր ժողովրդի հետ հարաբերվել առանց կեղծ պաթետիկ քոփի-փաստերի, առանց արարողակարգային, շաբլոն դիֆերամբների, առանց շինծու գնահատականների: Պարզապես պետք է մարդկանց հետ խոսել շիտակ, ասել այն, ինչ կա սրտիդ մեջ, ոչ թե տիրաժավորել ուրիշների դատարկ, հեկտարանոց տեքստերը:
Ուրիշի գրած ելույթները վերաբերում են ՈՒՐԻՇԻ Հայաստանին, այն Հայաստանին, որը մերը չէ, որտեղ ապրում են խաղաղ, ստեղծարար զոմբիներ, որտեղ կյանքը մեղվի փեթակ է հիշեցնում, հարգվում են մարդու իրավունքները, ընտրություններն անցնում են անթերի, որտեղ տնտեսությունն աճում է հայլուրային արագությամբ: Որտեղ տռզած, սխտորաբույր գոճիները կարող են նայել քաղաքացու աչքերի մեջ և պնդել, որ ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանը հենց այսպե՛ս պետք է կառուցվի: Որտեղ քաղաքական գործընթացները ունեն երկու առանցք՝ փողը և կերակրափողը:
Իսկ քաղաքական թիմին հորդորեք, որ ելույթները մոտեցնեն իրականությանը: Կամ հասարակությանը բաժանեք վարդագույն ակնոցներ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել