Image result for ՊերմյակովՕգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արտագնա դատական նիստը Թիվ ՇԴ/0072/01/15 քրեական գործով ՌԴ 102-րդ ռազմակայանի զորամասում վերջինն էր: Դատարանը ոճրագործ Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման:

Դեռ անցած տարվա դեկտեմբերին, երբ մեկնարկեց այս ծանր դատավարական պրոցեսը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում ունեցանք լրագրողական համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկեցինք լայն ծավալի տեխնիկական ու բովանդակային խնդիրներ, որոնք ծառանալու էին մեր բոլորիս առջև Պերմյակովի դատավարության ընթացքում: Հենց սկզբից էլ լիահույս էինք, որ փոխըմբռնումը, լուռ սոլիդարությունն ու մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցումներն են լինելու գերակա մեր հասարակության համար ծայրահեղ ծանր ու արտառոց այս ոճրագործության դատավարության պատշաճ ընթացքը, մասնավորապես՝ լուսաբանումն ապահովելու ոչ պակաս ծանր բեռը միասին, մինչև վերջ տանելու համար: Դատական քննությունը հրապարակային էր, նիստը` դռնբաց, մուտքը՝ ազատ: Լիահույս էինք, որ ԶԼՄ մեր գործընկերներն այս նյարդային դատական պրոցեսում էժան դիվիդենտների, էժան սենսացիաների, հասարակությանն ավել ցավ պատճառելու ճանապարհն ի սկզբանե մերժելու են ու, անկախ դատավարության ընթացքից, դրսևորելու են բարձր պրոֆեսիոնալիզմ, կամային ու մասնագիտական բարձր որակներ՝ մերժելով ամեն տեսակ մանրախնդրություն: Նման կնճռոտ ու տևականորեն բարդ գործընթացներում թերացումներից խուսափելն անհնար է լինում, սակայն երկուստեք օպերատիվ ջանքերի ու նույն լուռ սոլիդարության շնորհիվ դրանք շտկվեցին պարբերաբար ու էական խոչընդոտներ չհարուցեցին: Ծանր ու ցավոտ փորձառությունը մենք համատեղ ջանքերով անցանք՝ փորձելով օբյեկտիվ ու մաքուր լրագրությամբ հասարակությանը հնարավորինս զերծ պահել ավել սթրեսից և հոգեկան ցավ ու տառապանքից: Իսկ ռիսկերն իսկապես շատ էին ու սուր: Իմ և ՀՀ դատական դեպարտամենտի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, առանց հատուկ առանձնացնելու որևէ ԶԼՄ-ի կամ լրագրողի անուն, թեև, հանուն արդարության, գուցե արժեր նշել մի շարք արժանավոր լրագրողի ու առանձին շնորհակալություն հայտնել: Ինչևէ, բոլորին ենք շնորհակալ ու բոլորի աշխատանքն էր չափազանց կարևոր ու գնահատելի: Նման կամ, ավելի ճիշտ, տեսակով աննախադեպ գործընթացները մի խիստ կարևոր խնդիր են լուծում պետության ու հասարակության առանցքում: Դա փոխըմբռնման ու փոխվստահության խիստ էական ու կառուցողական ներդրում է հայրենական ազատ մամուլի և պետական կառույցի առողջ փոխգործակցության ու արդյունավետ աշխատանքի միջև՝ ի նպաստ մեր բոլորիս հասարակության շահի:
Հարգանքով՝ ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, դատական ծառայության առաջին դասի խորհրդական
Ա. Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել