Ես չեմ նախընտրում կամ ցանկանում, կամ ինձ պարտավորված չեմ զգում, ես իմ պարտքը կհամարեմ պարտք այն ժամանակ, երբ իսկապես կտեսնեմ իսկական առաջնորդին. գիտե՞ք նախագահել չի նշանակում կառավարել, նախագահել նշանակում է ժողովրդին թույլ տալ հասկանալ, որ ժողովուրդն է իր երկրի տերը, այլ ոչ թե ընտրված անհատը: Կարճ կասեմ, ընդհանարապես ինձ համար անտանելի է այս իրավիճակը: Ես ընտրում եմ ժողովրդին:
Բայց նաև կնշեմ մի բան` ժողովուրդը իր փոքր հալին, բավականին մասնատված է, կարծում եմ՝ միասնության մասին խոսք անգամ չի կարող գնալ, մի կողմը ծայրահեղ բողոքական են, միայն մեկնաբանում են, բողոքում, քննադատում, ոչինչ չեն անում, մյուս մասը փոքրամասնություններն են, ովքեր զատում են իրենց ժողովրդից, մյուս մասը ծայրահեղ մարդիկ են, ովքեր իրենց համարում են ազգայնական, ազգի որդի, բայց ամենևին ազգ ասվածի գաղափար չունեն, քանզի ազգայնականը պետք է հասկանա, որ տարբերություն չի կարելի դնել ազգության որևէ մարդու մեջ ու զատել ազգը: Մյուս կողմն էլ դատարկ է, որտեղ իմ կարծիքով պետք է արմատներ տա այն միասնությունը, որը կփրկի մեզ այս իրավիճակից: Մի խոսքով` մտահոգվում եմ այն բանից, որ ազգը զատվում է, մաղվում իրարից:
Նախ ինձ համար հայը առաջադեմ է, բայց նաև ասեմ, որ հայերը իրար խանգարում են ապրել, գործել, օգնել, իրար սահմանափակում են: Իրենց վատ սովորությունների արդյունքում բավականին մեծ խնդիրներ են ունենում:
Նշեմ` բամբասանք, քննադատություն, անտեղի խոսքեր, որոնք սահմանափակում են ձգտում ունեցող մարդուն: Ամոթի զգացում շրջապատում, երբ փորձում ես գիրք կարդալ, սովորել, շատերի մոտ ծիծաղի առարկա ես դառնում, սակայն նկատել եմ, որ այդ ամենը արդեն մարվում է, չնայած կան դեպքեր: Շատ հայերին խանգարում է եսասիրությունը կամ գոռոզություննը, ինչը բերում է նրան, որ մարդիկ չեն գնահատում կամ չեն խրախուսում ձգտում ունեցող և արարող մարդուն, ավելի շատ իրենք իրենց վեր են դասում կամ նպատակ են գտնում քննադատելու, թերագնահատելու, քան խրախուսում տալու, ինչը ես կասեի՝ նույնն է, թե ապագայի վրա խաչ քաշես:
Անազատ լինել ոչ թե, ասենք, դեպի ոճային կամ հագուստի մեջ, այլ անազատ լինել սեփական կարծիքը հայտնելու մեջ, նրանք գերադասում են շրջապատի անունից խոսել, քան սեփական կարծիքը հայտնել, չնայած վերջերս նկատում եմ նաև, որ սկսել են ազատ խոսել: Իրոք, մարդիկ խանգարում են իրար թե՛ ապրելու և թե՛ գործելու առումով, ու չգիտակցված են խանգարում, միտումնավոր չէ, այլ արդեն սեփական սովորույթ է նման կերպ վարվելը:
Ուզում եմ, որ միասնական լինեք, ցույց տաք ձեր սեփական եսը, ունենաք պայքարելու ձգտումը, ձեր կյանքի ապահով ձգտումը:
Ձեր ձեռքերում է այն ամենը, ինչը կոչում ենք սեր և ժողովուրդ, մի՛ մասնատվեք: Մի մտածեք, որ դա ընդամենը ընտրությունն է, մի մտածեք, որ միայն դուք եք, որ այդ ընտրությունը միայն ձեզ է ձեռնտու, դրա համար էլ ընտրում ենք, մտածեք հենց ձեր բոլորի մասին, դա ձեր ապագայի ու կյանքի հարցն է:
Եղեք ինքնատիպ, ինչպես ճանաչում են մեզ, ձգտեք ոչ թե տարածքով ու հարստությամբ լինել գերտերություն, այլ միասնությամբ ու սիրով, սերը ձեզ ամեն ինչ կտա՝ թե՛ միասնություն և թե՛ փրկություն..... Ասելիքներ շատ ունեմ, բայց միայն այսքանը բավական է, ինձ թվում է, հասկանալու համար, թե ինչքան կարևոր է միասնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել