Խոսքն այն մասին է, որ Հայաստանում մի շարք համայնքների ղեկավարներ, ովքեր թե՛ իրենց մտածողությամբ, թե՛ իրենց մշակույթով, թե՛ կառավարման մեթոդներով ու առաջնահերթություններով այլևս չեն համապատասխանում ժամանակի պահանջներին ու երկրում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն ամեն կերպ ջանում են մնալ իրենց աթոռին: Կարելի է ասել, որ նույնիսկ ձուլվել, սերտաճել, այդ աթոռի հետ մեկ են դարձել ու արդեն 5-րդ, 6-րդ անգամ են ընտրվում միևնույն համայնքապետի պաշտոնում:

Այս գործիչներն ասոցացվում են ատկատների ու զանազան չարաշահումների հետ: Օրինակ այդպիսի երևույթի մասին էր ակնարկել Վանաձորի ավագանու անդամ Արամ Խաչատրյանը, ասելով.

«Ինչ վերաբերում է ատկատներին, ապա ես միշտ բյուջեի կատարողականին դեմ եմ քվեարկել, որովհետեւ վստահություն չունեմ, որ արդյունավետ է ծախսվում. թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է, իսկ իրականությունը լրիվ այլ է: Այդ իրականությունը մենք բոլորս մեր մաշկի վրա ենք զգում. աղբահանության որակը լավ չի, կանաչապատումը լավ չի…»:

Աղբահանությունը ևս այն խնդիրներից է, որ գրեթե ամենուր վատ է իրականացվում: Հիմա ժամանակն է այդ հինավուրց անձանց քաղաքական գործընթացներից դուրս թողնելու: Չի կարելի մարդուն անընդհատ կապել նույն համայնքի վզին: Ցանկացած մարդ նույն պաշտոնում երկար պաշտոնավարելուց հետո սպառվում է, ասելիքը վերջանում է: Պարզ չէ՞, որ 6-րդ անգամ ընտրվող քաղաքապետը միայն ատկատների համար է ընտրվում, քանի որ քաղաքի կառավարումը դարձել է իր համար ռեֆլեկս, նոր ասելիք նա այլևս չի կարող ունենալ, մինչդեռ ամեն օր նոր միտք է հարկավոր դնել այդ գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել