Քանի մոտենում են ՏԻՄ ընտրությունները, աղմուկը համայնքապետերի թեկնածուների շուրջ այնքան մեծանում է ու առանձին բանավեճի ու քննարկումների առարկա է դառնում կուսակցությունների մասնակցության հարցը: Մասնավորապես Գյումրիում ու Վանաձորում նախընտրական անցուդարձերն ամենաթեժն են:

ՏԻՄ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցության վերաբերյալ հարցին այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն ասել է. «Թեկնածուներ ունենք, ցուցակները կազմած են: Երկու տեղում էլ (Վանաձոր, Գյումրի) կլինեն բաց ցուցակներ, փորձելու ենք մեր շուրջ հնարավորինս լայն կոնսոլիդացիա ստեղծել: Վաղը չէ մյուս օրը մեր վարչության նիստն է, որտեղ կհաստատվեն ցուցակները եւ կհրապարակվեն թեկնածուների անունները»:

Գյումրիում, ինչպես արդեն հայտնի է, մասնակցելու են մեծ թվով քաղաքական ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ, «Համախամբում», «ԳԱԼԱ», «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր» և այլն: Բնականաբար այս կուսակցությունների մի մասը ունի բավական լուրջ ազդեցություն ու հենարան Գյումրիում, իսկ մյուսները՝ ոչ այնքան:

Հատկապես ՀՀԿ-ի պարագայում ՀՀԿ-ական ճամբարի փաստացի ներկայացուցիչ է գործող քաղաքապետը, ՀՅԴ-ի ներկայացուցիչ է Շիրակի մարզպետը, ԲՀԿ-ն ևս ունի ազդեցիկ թեկանածու՝ ի դեմս Գյումրիի մանկավարժականի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, ԳԱԼԱ-ն նույնպես Գյումրիում մեծ հեղինակություն է վայելում: Այս ուժերի մասնակցությունն ու պայքարը հասկանալի է, որովհետև շատ թե քիչ քվեներ կարող են հավաքել ու եղանակ ստեղծել ձևավորվելիք ավագանիում:

Մինչդեռ կքուսակցությունների մնացած մասը, որոնց թվում է նաև ՀԱԿ-ը, հասկանալի չէ, թե իրական ինչ խաղադրույք են կատարել ու ինչ հույսով են մասնակցելու ընտրություններին: Չէ՞ որ ռիսկայնությունը չափազանց բարձր է: ՏԻՄ ընտրություններում պարտվողը իմիջի անկում կգրանցի ու, ամենայն հավանականությամբ, կպարտվի նաև 2017-ի համապետական ընտրություններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել