Ապրիլյան պատերազմում  զոհված գյումրեցի հերոսներն են՝ Տիգրան Աբգարյանը, Հրաչ Գալստյանը, Գևորգ Վարդանյանը, Մերուժան Ստեփանյանը և Վիկտոր Յուզիխովիչը: Տղաների մարմինները հանգչում են Գյումրու «Շիրակ»  գերեզմանոցում գտնվող Արցախյան պատերազմի հերոս նահատակների եղբայրական պանթեոնում: Իսկ ահա  սա այն լուսանկարն է, որը շաբաթներ առաջ իսկական շոկ դարձավ հայ հասարակության համար:

Պարզվեց, որ  չորս ամսվա ընթացքում տղաների շիրիմներին չէին արվել անգամ տարրական շինարարական աշխատանքներ, իսկ անբարեկարգ տարածքն էլ որոշ տմարդների համար դարձել էր ավտոմեքենայի կայանատեղի: Հասարակության համար սառը ցնցուղ եղավ նաև պատմության շարունակութունը:  Հայտնի դարձավ, որ տղաների գերեզմանների շինարարական աշխատանքները չեն կատարվում միայն  նրա համար, որովհետև, ինչպես Գյումրու տարածքային զինկոմիսարը նշեց,  « դա յուրահատուկ մոտեցում է պահանջում, չէ՞ որ պանթեոնը սովորական գերեզման չէ և այստեղ ամեն ինչ իր ձևաչափն ունի »: Հետո էլ պարզ դարձավ, որ կապալառու ընկերությունն է անբարեխիղճ մոտեցել հարցին, իսկ իր չորս ամսվա անգործությունն էլ արդարացրել է նրանով, որ ՊՆ-ն  աշխատանքները սկսելու համար գումարը չի փոխանցում: Եվ ահա մոտ հինգ ամսվա  սպասումներից հետո զոհված տղաների ծնողները սեփական գումարներով օրերս նախաձեռնեցին իրենց զավակների գերեզմանների բարեկարգման աշխատանքները, ինչը կրկին մեծ աղմուկի առիթ հանդիսացավ:

Պաշտպանության նախարարությունը հորդորեց ծնողներին ետ կանգնել բռնած գործից, որովհետև նախարարությունը երբեք չէր  հրաժարվել տղաների հիշատակը հավերժացնող պանթեոնի շինարարությունից, սակայն ծնողները չանսալով հորդորներին՝ շարունակեցին շինարարական աշխատանքները: Այնուհետև, իրավիճակի վերաբերյալ «Գալա» -ին տված հարցազրույցում հարցի շուրջ պարզաբանումներ արեց  ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Պաշտպանության նախարարությունը տարածքը պետք է սահմանազատեր, իր խոստումը կատարել է: Գերեզմանները սարքելու համար իրենք՝ զոհերի հարազատները, 4.1 մլն-ից ավելի գումար են ստացել ամեն մեկի համար: Ինքնուրույն պիտի սարքեն: ՀՀ-ում գոյություն ունի հետևյալ օրենքը, եթե զոհված զինծառայողը Եռաբլուրում չի թաղվում, ապա ընտանիքը ստանում է 4.1 մլն դրամ: Դա պարտադիր գումար է և  չի կարող պատահել, որ մի անձ չստանա, դա տրվում է բոլորին: Չնայած այդ գումարին՝ առանց որևէ օրենսդրական պարտավորության ՊՆ-ն նաև պարտավորություն էր վերցրել մասնակցել եւ կազմակերպել գերեզմանների սահմանազատման աշխատանքը, որն արդեն իրականացրել ենք: Ինչքան գիտեմ, վստահ չեմ, պիտի ճշտեմ, Գյումրիի քաղաքապետարանն էր խոստանում օգնել, որ միասնական գերեզմանոց լինի: Ես այդքանը գիտեմ, մնացածին տեղյակ չեմ»:

Փաստորեն, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, ՊՆ-ն  զոհվածների հարազատներին է հատկացրել շինարարական աշխատանքների համար նախատեսված գումարները: Այդ դեպքում ինչու՞ են հարազատները պնդում, որ աշխատանքները կատարվում են սեփական միջոցներով: Փորձելով պարզել, վերջիվերջո, ի՞նչ  ֆինանսական միջոցներով են կատարվում տղաների գերեզմանների շինարարական աշխատանքները, BlogNews.am-ը կապ հաստատեց  զոհված տղաների  հարազատների հետ, ովքեր ներկայացրեցին ներկա պահին տեղի ունեցող աշխատանքների ու դրանց հետ կապված խնդիրների մանրամասները: Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արթուր Աբգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմքն արդեն լցրել են, հիմնապատն էլ կապել են:  Ամենը կատարվում է վարպետների կողմից, բայց ոչ այն վարպետների, որոնց պիտի տրամադրեր կապալառու ընկերությունը: Նոր վարպետներ են, փորձառու, պատասխանատու:  Ծախսերն էլ վճարում է ՊՆ-ն:  Բոլոր գերեզմանների վրա աշխատանքները միաժամանակ են արվում, գերեզմանոցն էլ ընդհանուր է լինելու:

 Գևորգ Վարդանյանի հայրը՝ Գագիկ Վարդանյանը ևս նշեց արդեն կատարված աշխատանքների մասին, նաև ավելացրեց, որ ներկա պահին  անմիջական կապի մեջ են ՊՆ-ի հետ, համատեղ որոշմամբ էլ այսօր-վաղը արդեն կանցնեն պատերը շարելու աշխատանքներին: Բոլոր այն գումարները, որոնք ծնողները մինչ օրս ծախսել են՝  հատուցվելու են, ՊՆ-ն նաև կհոգա հետագա շինարարական աշխատանքների ծախսերը, սակայն տղաների տապանաքարերի ծախսերը կհոգան ծնողները:

 

Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս ՊՆ-ն լուծեց իր հարցերը նախկին կապալառու ընկերության հետ, որի հետ արդեն իսկ պայմանագիր էր կնքել,  բայց այդպես էլ ոչ մի աշխատանք չէր իրականացվել այդ ընկերության կողմից՝ Մերուժան Ստեփանյանի հայրը՝ Արթուր Ստեփանյանը  այսպես պարզաբանեց. «Նախկին կապալառուն ոչ մի առնչություն չունի այս աշխատանքների հետ: Նոր, ավելի կոմպետենտ մասնագետների հետ ենք համագործակցում, պարզապես քանի որ ՊՆ-ն պայմանագիր էր կնքել նախկին կապալառուի հետ՝  գումարները նրան է փոխանցում, դրա համար էլ  հենց այդ շինընկերության միջոցով են ներկա պահին գերեզմանների վրա աշխատող բանվորներն ու վարպետները վարձատրվում:  Աշխատանքների ամբողջ գումարը փոխանցում է ՊՆ-ն, սա առանձին գումար է  և  ոչ մի առնչություն  չունի մեր տղաների զոհվելու հետ կապված ՊՆ-ի հատկացրած նախորդ գումարների հետ»: 

Վերջում ավելացնենք,     որ BlogNews-ը շարունակելու է հետևել այս պատմությանն ու հետամուտ է լինելու դեռևս անհասկանալի մնացած բոլոր հարցերի պատասխանները բացահայտելուն: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել