ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հերքել է իբրև թե իր վատթարացող առողջական վիճակի մասին շշուկները՝ դրանց տարածումը համարելով մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի ռազմավարության մաս, որով փորձ է արվում մրոտել նախկին պետքարտուղարին նախընտրական պայքարի թեժ պահին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է՝ ելույթ ունենալով ABC հեռուստաալիքում Jimmy Kimmel Live երեկոյան զվարճալի ծրագրի եթերում։

«Կարծում եմ՝ մի կողմից դա նրանց հիմար ռազմավարության մաս է»,- նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ մյուս կողմից՝ այդ ամենը միանգամայն զուրկ է իմաստից։

«Երբեմն ինձ թվում է՝ ասես, այս արշավն ընթանում է այլընտրանքային իրականությունում, որտեղ ես ստիպված եմ պատասխանել հարցերին այն մասին՝ ո՞ղջ եմ ես, ինչքա՞ն է ինձ մնացել և նման այլ հարցերի»,- ասել է դեմոկրատ թեկնածուն։

Քլինթոնը կատակով առաջարկել է հաղորդավար Ջիմմի Քիմելին ստուգել իր զարկերակը՝ համոզվելու համար, ինքը ո՞ղջ է։ Քիմելն իր հերթին խնդրել է նախկին պետքարտուղարին, որպես ֆիզիկական ուժի ցուցադրում, բացել պահածոյացված թթվի տարան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել