Պատմության մեջ այս օրը 1939թ. օգոստոսի 23-ին Մոսկվայում ԽՍՀՄ և Գերմանիայի միջև կնքվեց պայմանագիր, որը պատմության մեջ հայտնի է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ անունով: Այս պակտով երկու կողմերը գործնականում պատերազմ սանձազերծեցին ամբողջ աշխարհում: Համաձայն այդ պայմանագրի գաղտնի մասի՝ ԽՍՀՄ-ը և Գերմանիան իրենց միջև ազդեցության գոտիների բաժանում պետք է իրականացնեին. ԽՍՀՄ-ը չէր խանգարելու Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա, իսկ ԽՍՀՄ ազդեցության տակ էին հայտնվելու Բեսարաբիան, Մերձբալթյան երկրները և Ֆինլանդիան: Այս պայմանագրով Գերմանիան և ԽՍՀՄ-ը դառնում էին ռազմավարական դաշնակիցներ: Պայմանագիրը ստորագրեցին գերմանական կողմից արտգործնախարար Յոահիմ Ֆոն Ռիբենտրոպը և ԽՍՀՄ արտգործնախարար Վյաչեսլավ Մոլոտովը: Պակտի կնքումից օրեր անց 1939թ. սեպտեմբերի 1-ին Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա և սկսվեց համաշխարհային պատերազմը: Մոտ երկու շաբաթ անց լեհերի վրա արևելքից հարձակվեց ԽՍՀՄ-ը: Այս պայմանագիրը ճակատագրական և կործանարար ազդեցություն ունեցավ բազմաթիվ ազգերի, մասնավորապես Մերձբալթյան տարածաշրջանի երկրների համար, քանի որ պակտի համաձայն ԽՍՀՄ-ը հնարավորություն էր ստացել օկուպացնել այդ տարածաշրջանը: Հարկ է նշել, որ Մերձբալթյան երկրների հասարակությունները երբեք չհաշտվեցին այդ պակտի կետերի հետ և հատկապես անկախության համար պայքարի շրջանում ամեն կերպ հիշատակում էին դրանք: Մասնավորապես դրան էր նվիրված 1989թ. օգոստոսի 23-ին Մոլոտով-Ռիբենտրապ պակտի կնքման 50-ամյակի միջոցառումները: 1989թ օգոստոսի 23-ին Լատվիայի Լիտվայի և Էստոնիայի քաղաքացիները մոտավորապես երկու միլիոն մարդ շուրջ 600կմ երկարությամբ կենդանի շղթա կազմեցին, միացնելով Թալին Ռիգա և Վիլնյուս քաղաքները, դրանով իսկ, փորձելով աշխարհի ուշադրությունը հրավիրել, 50 տարի առաջ նույն օրը կնքված Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին, որը Մերձբալթյան երկրների համար ճակատագրական նշանակություն էր ունեցել հնարավորություն տալով ԽՍՀՄ կողմին օկուպացնել Մերձբալթյան տարածաշրջանը: Ակցիան նաև հստակ նպատակ ուներ ցույց տալու Մերձբալթյան երկրների ժողովուրդների անկախության ձգտումը: Խաղաղ անհնազանդության այս ֆենոմենալ ակցիան պատմության մեջ մտավ «Բալթյան ճանապարհ» անվանումով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել