Թուրքական Yeni Asya թերթն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Թուրքիայի կրած տնտեսական կորուստներին:

«Պատժամիջոցներից ամենաշատը տուժել է Թուրքիան, որը Ռուսաստանից ստանում է տարեկան 26 միլիարդ խորանարդ մետր գազ (երկրում սպառվող 45 միլիարդ խորանարդ մետր գազի 58 տոկոսը): Փորձագետների խոսքերով՝ Թուրքիան այդ հարցում այլընտրանք չուներ:

Թուրքիայում արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե կեսն ապահովվում է Ռուսաստանի հաշվին, ընդ որում՝ բոլոր էլեկտրակայանները, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի 45 տոկոսը, աշխատում են ռուսական գազով, և Ռուսաստանից ստացվում է ներկրվող ածխի 1/3-ը, որին էլ բաժին է ընկնում արտադրվող էլեկտրաէներգիայի 14 տոկոսը:

Այդ ամենը Թուրքիային դրել է Ռուսաստանից էներգետիկ լուրջ կախվածության ռիսկի տակ: Թուրքիայի տարեկան կորուստները կգերազանցեին 20 միլիարդ դոլարը, եթե շարունակվեր ճգնաժամը:

Այդ կորուստները բաժին են ընկնում բնական գազի հետ կապ չունեցող ոլորտներին, ինչպիսիք են մաքոքային առևտուրը, տեքստիլը, զբոսաշրջությունը, բեռնափոխադրումները, շինարարությունը, վարձակալությունը և այլն: Ռուսական ընկերությունների ներդրումները՝ ավելի քան 5 միլիարդ դոլար, կսառեցվեին:

Միևնույն ժամանակ սկզբնական շրջանում Ռուսաստան մուտք գործելիս մաքսային կետերում կանգնած է մնացել 140.000 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 100 միլիոն դոլար, և որը պատկանել է 300 ընկերության ու եկամուտներով ապահովել է հարյուր հազարավոր մարդկանց:

Շատ ոլորտներ բախվել են լուրջ կորուստների: Արդյունքում տնտեսագետների հաշվարկով ՀՆԱ-ի 3-տոկոսանոց անկման դեպքում ճգնաժամը կստեղծեր դոմինոյի էֆեկտ՝ ռիսկի տակ դնելով ազգային եկամուտը, խարխլելով շատ ոլորտներ՝ սկսած արտահանողներից մինչև ֆերմերներ, միջնորդներից մինչև դեղագործական պրեպարատների ու պարարտանյութերի դիլերներ և այլն:

Իշխանությունները 8 ամիս գիտակցաբար շարունակել են սխալ քաղաքականությունը, որից նյութապես ու բարոյապես տուժել է ժողովուրդը»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել