Եթե սիրիական օդուժին ստիպում են թռիչքներ չիրականացնել սեփական տարածքի, մասնավորապես ալ-Հասաքա բնակավայրի վրա, ապա այստեղ ցամաքում տեղի ունեցող իրադարձություններից լավ բան պետք չէ սպասել Դամասկոսի համար:

Ամերիկացիները պահանջել են սիրիական օդուժին հեռանալ ալ-Հասաքայի տարածքից՝ դրանով պաշտպանելով քրդաբնակ ալ-Հասաքայում ակտիվ գործող ամերիկյան և քրդական ուժերին օդային հարվածներից: Արդեն մի քանի օր է այստեղ բախումներ են տեղի ունենում սիրիական զինուժի և քրդական ինքնապաշտպանական ուժերի միջև: Այսօր արդեն տեղեկություն է տարածվել, որ քրդերը վերջնագիր են ներկայացրել Դամասկոսին՝ դուրս բերել բանակը ալ-Հասաքայից, հակառակ դեպքում քրդական ուժերի թիրախում են լինելու սիրիական զինուժն ու ռազմական կայանատեղիները, սակայն սիրիական իշխանությունները մերժել են այդ վերջնագիրը:

Սիրիական իշխանությունների և քրդերի միջև 2012 թ. կեսերին ձեռք բերված համաձայնության արդյունքում կառավարական ուժերը դուրս եկան հյուսիս-արևելյան քրդաբնակ շրջաններից՝ պահպանելով որոշ քանակի ռազմական կոնտինգենտ Կամիշլի և ալ-Հասաքա բնակավայրերում:
Այդ համաձայնության նպատակն էր դուրս բերել սիրիական բանակային ստորաբաժանումները Թուրքիայի հետ սահմանակից սիրիական հիմնականում քրդաբնակ շրջաններից և դրանք տեղափոխել երկրի արևմտյան և հարավ-արևմտյան ավելի թեժ հատվածներ:

Հիշյալ մարտավարությունը, միգուցե, արդարացրեց իրեն, սակայն ազատ արձակվեցին Սիրիայի քրդերի ձեռքերը: Նրանք ոչ միայն անցան այդ տարածքների ինքնապաշտպանությանը, ձևավորեցին սեփական տեղական ինքնակառավարման մարմինները, այլև սկսեցին առավել ընդգրկուն ռազմգործողություններ՝ ընդլայնելով քրդերի կողմից վերահսկվող տարածքները ինչպես ալ-Հասաքա նահանգում, այնպես էլ դրանից դուրս:

Վերջին շրջանում շատ է խոսվում Սիրիայի քրդերի ինքնավարության մասին, և ավելի շատ խոսվում է ալ-Հասաքայում այդ ինքնավարության ձևավորման մասին: Հնարավոր է այդ քրդական ինքնավար տարածքը Սիրիայում դառնա հենց ալ-Հասաքան, որի շուրջ հավանաբար պայմանավորվածություններ կան տարածաշրջանային և արտատարածաշրջանային խաղացողների միջև:

Այստեղ միակ տուժող կողմը սիրիական իշխանություններն են, որոնց ամբողջական վերահսկողությունից աստիճանաբար դուրս են մնում նաև Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ տարածքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել