«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ» ՄԱՀԱՑՈՒ ԴԵՐԸ

Շատերի նկատմամբ քչերի իշխանության գործիքները 99%-ով հոգեբանական են ու միայն 1%-ով ֆիզիկական կամ այլ բռնությամբ պայմանավորված: Ցանկացած իշխանություն, այդ թվում ամենատոտալիտարը կամ հակաօրինականը, ըստ էության լեգիտիմ է, հակառակ դեպքում կգտնվեր ակտիվ ներքին պատերազմի մեջ: Բայց ինչպե՞ս են քչերը իշխում ու նույնիսկ մինչեւ վերջ ստորացնում շատերին: Զենքո՞վ, քանակո՞վ, կազմակերպվածությա՞մբ, գաղափարո՞վ: Իհարկե ոչ, այլ միայն հոգեբանական խորը ազդեցությամբ եւ հետեւյալ պարզ սխեմայով՝

1. Իշխող քչերը կուռ բուրգ են, սոսնձված երկու ուժեղ հոգեբանական կապով՝ սարսափ եւ ապահովություն: Սարսափ բուրգի վերեւից՝ «շեֆերը» կպատժեն միշտ ու խիստ կերպով եւ ապահովություն բուրգից դուրս գտնվող շատերից՝ «հարիֆները» երբեք չեն հանդգնի մազին դիպչել քանի դեռ կա բուրգի պաշտպանությունը:

2. Ենթակա շատերը ունեն միայն մի ընդհանուր սոսնձող բան՝ նրանք համոզված են, որ ոչինչ անել հնարավոր չէ, որ իշխող քչերը անպարտելի են: Քանի կենդանի է քչերի անպարտելիության միֆը, շատերը կմնան մեջքները ծալած:

Այսպիսով, բանաձեւը շատ պարզ է՝
ՍԱՐՍԱՓ + ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ + ԱՆՊԱՐՏԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՖ:

Այս երեք ոտքից որն էլ քաշեք աթոռի տակից, ամբողջ համակարգը դղրդալով փլվելու է: Պատմությունը տասնյակ օրինակներով ապացուցել է այս պարզ ճշմարտությունը:

Բայց ինչպե՞ս են քչերը կարողանում այդքան մեծաթիվ մարդկանց այդքան երկար ժամանակ պահել նման հոգեբանական անհուսության մեջ: Այստեղ է, որ երրորդ՝ ամենակարեւոր շերտի գործն անփոխարինելի է:

3. «Մտավորականություն»՝ մի շերտ, որն իբր խելացի է, կամ հոգեւոր, կամ փորձառու, կամ հասկացող, ընդունվում է շատերի կողմից, խոսքը լսելի է: Ահա սրանք են, որ իրենց տարբեր վերլուծություններով, «աղոթքներով», կոչերով, գրքերով, երգերով, բանաստեղծություններով ու հոդվածներով բացահայտ կամ թաքուն կերպով պաշտպանում են «անպարտելիության միֆը», սրանք են, որ ճակատամարտից առաջ զինաթափում են մարդկանց, իսկ հետո ողբագին երգեր գրում պարտված կռիվների ու «բարոյական հաղթանակների» մասին: Սրանք են մինչեւ հիմա բաց նամակներ գրում «նախագահին» ու պայքարում «հակառուսականության» դեմ: Սրանք են գլուխը խոնարհած սեղմում մարդասպանների ձեռքը, հետո շուռ գալիս ու զոհերին քարոզում լինել «կոռեկտ ու ներողամիտ»:

Դուրս շպրտե՛ք այս խաբեբա խաժամուժին մարդկանց մտքերից ու ականջներից ու տեսեք, թե ոնց է ամենաբիրտ բռնակալությունը մի քանի ամսում ինքն իր ներսից պայթում: Ու գլխավորը առանց զոհերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել