ՄԻԱԿ քարտուղար

Այն անտեղի աժիոտաժը, որը համացանցում ստեղծվել է նախագահի թեկնածուների էլեկտորալ վարկանիշների շուրջ, որոշակի պարզաբանումների տեղիք է տալիս:
- Նախ՝ համացանցում` սոցիալական կայքերում, էլեկտրոնային պարբերականներում կամ բլոգերների նախաձեռնությամբ իրականացվող վարկանիշային հարցումները ներկայացուցչական չեն, և հետևաբար դրանց արդյունքները չեն կարող համարվել արժանահավատ: Սա հատկապես նշվում է նրանց համար, ովքեր սովորություն ունեն հղում անել այս կարգի հարցումներին: Ցավոք, հաճախ նաև նախագահի թեկնածուներից ոմանք իրենց թվացյալ բարձր քաղաքական կշռի և ժողովրդականության վերաբերյալ դատողություններ անելիս ի ցույց են դնում հենց այս տվյալները:
- Ընդհանուր առմամբ, քիչ արժանահավատ են նաև հեռախոսային հարցումներն ու առանց հստակ ընտրանքի այսպես կոչված «շտաբային հետազոտությունների» ճնշող մեծամասնությունը: Առաջնինի դեպքում, որպես կանոն, չեն պահպանվում ընտրանքի տարիքային և կրթական ցենզերը, ինչպես նաև, ստուգիչ հարցերի հնարավորություններն են սահմանափակվում, իսկ երկրորդի պարագայում գրեթե չի աշխատում ընտրանքի որևէ ինդիկատոր (կարող են հարյուր հոգու միջև էքսպրես հարցումներ անցկացնել և ստացված արդյունքները ընդհանրացնել ու տարածել):
- Քիչ թե շատ արժանահավատ տվյալներ ապահովում են, այսպես կոչված, ստրատիֆիկացված, բազմաստիճան տարածական մեթոդով, «դեմ առ դեմ» հարցումները, որոնք իրականացնում են տվյալ ոլորտում հեղինակություն ու փորձ ունեցող կազմակերպությունները` գիտական խիստ պահանջների պահպանման առաջնահերթությամբ:
Այս համատեքստում հարկ է անդրադառնալ նաև այսպես կոչված ամբողջական ընտրանքից և բացառապես այս կամ այն թեկնածուի օգտին կողմնորոշված հարցվողների թվից հաշվարկված վարկանիշների հրապարակմանը: Երկու մոտեցումներն էլ սկզբունքորեն կիրառելի են, սակայն առաջինը առավելապես նախաքարոզչության փուլում, երբ բավականին մեծ են չկողմնորոշված ընտրողները, իսկ երկրորդը` քարոզչության շրջանում, երբ նրանց (չկողմոնորոշված) թիվը էապես նվազում է: Բազմաթիվ երկրներում այս պրակտիկան գործում է (կարող եք ուսումնասիրել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Սլովենիայի և Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզչության փուլում ներկայացված քաղաքական վարկանիշները):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել