Ես չեմ հասկանում ամռան շոգ կրակին կոստյումով, ճակատին զնաչոկ կպցրած, պետական կերակրատաշտից օգտվող, հայրենասիրության մասին մշտապես բարբաջող, իրենց Հայրենիքին ու ժողովրդին նվիրյալ ներկայացնողներին, կուսակցությունները գանձագողության հնարավորություն դարձնողներին, այդ նպատակով պաշտոն ստանալու համար կուսակցությունից կուսակցություն խցկվողներին:
Չեմ հասկանում այն ազատամարտիկներին, որոնք ահընդհատ՝ չգիտես ինչու, պատեհ կամ անպատեհ հայտարարում են, որ կռվել են ինձ համար, և փորձում են որոշումներ կայացնել իմ փոխարեն և ինձ համար: Եվ ես կրկին՝ չգիտես ինչու, պետք է նրանց հիշեցնեմ, որ նրանք կռվել են Հայրենիքի համար, կռվել են կամավոր, և Հայրենիքի համար մարտնչելը, կռվելը, պայքարելը, զրկանքներ կրելը, վիրավորվելը նրանց երբեք ու երբեք <<նարուշիլովկայի>> և այդ մասին անընդհատ հիշեցնելու իրավունք չի վերապահում:
Ես չեմ հասկանում քաղաքական, հասարակական գործիչներին, որոնք իշխանության հասնելու համար թաքնվում են արտագրած, էկլեկտիկ, հնարած,անհասկանալի ու ոչինչ չասող շաբլոն ինչ-որ գաղափարների հետևում և այդ պայքարի ընթացքում անընդհատ՝ կրկին չգիտեմ ինչու աչքս են կոխում, որ իրենք քաղհալածյալ ու տառապյալ են, և որ այդ ամենն անում են միայն ու միայն ինձ համար, հանուն ինձ: Չգիտես ինչու, որերրորդ անգամ ես պետք է արդարանամ կամ երախտիքս հայտնեմ այդ <<քաղտառապյալներին>> կամ հիշեցնեմ, որ ես ձեզ չեմ խնդրել հանուն ինձ տառապել, որ դուք դա անում եք ձեր, ձեր իշխանական աթոռին սթրվելու, կերակրատաշտից օգտվելու և ձեր շրջապատին, հարազատներին բաժանելու համար: Հիշեցնեմ, որ եթե դուք Մահաթմա Գանդիի նման նվիրյալ, գաղափարական ու քաղաքական գործիչ եք, ապա ձայններդ կտրեք ու անընդհատ մի նվնվացեք ու մեզ պարզամիտի տեղ մի դրեք…
Մի խոսքով, եթե դա ինձ համար եք անում ապա հարցրեք ինձանից, տեսեք ես ուզում եմ այն, թե՞ ոչ…Իսկ եթե անում եք, որովհետև դա ձեր պարտքն է, նվիրումն ու կոչումը ապա երբեք մի շպրտեք իմ երեսին և մի հիշեցրեք ինձ համար քաղհալածյալ ու տառապյալ դառնալու մասին:
Չեմ հասկանում նաև դատապաշտպաններին, իրավապահներին, որոնք օրինապահության քողի տակ վերածվում են քաղաքական գործչի, քաղաքական շահամոլի, պատվեր կատարողի և օրենքը պահպանելու փոխարեն դառնում են պոպուլիստներ, շահարկողներ ու օրինախախտներ…
Չեմ հասկանում լրագրողներին, որոնք անաչառ ու օբյկտիվ լրատվության մասին թմբկահարելով, աջ ու ձախ դառնում են այս կամ այն ուժի, խմբի, անձի նվագարկիչն ու վերածվում քաղաքական, քաղաքացիական, հասարակական ակտիվիստի, պատվեր կատարողի ու շահագրգռյալի…Դառնում ավելի գրգռյալ ու կատաղած, որոշ դեպքերում ավելի անզուսպ ու ցինիկ, քան այդ ուժերի ԲՏՌ-ներն ու ակծիվիստները:
Դե այնպես չի, որ չեմ հասկանում, շատ լավ էլ հասկանում եմ…Բայց նաև այնումաենայնիվ չեմ հասկանում…
Մի խոսքով չհասկանալու և շտկելու շատ բան կա…Բայց մեզ անող ու թմբկահարողներ չեն պետք, այլ գանդիներ, մայրթերեզաներ, մանդելաներ, մոնթեներ, գաղափարական անշահախնդիր նվիրյալներ և իրական հայրենասերներ, ու ոչ թե այդ մասին բարբաջողներ ու դրանից շահ սպասողներ…
Մի խոսքով չեմ հասկանում. Ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է…Հիմքն է սխալ կառուցվել հավանաբար…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել