Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվող նախագահական կառավարման մոդելով, իհարկե, ուղղակիորեն ընտրված նախագահը կունենա անվիճելի լեգիտիմություն, այնպիսին, ինչպիսին կունենա նաև նոր խորհրդարանը: Այս մասի Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ չհամաձայնելով տեսակետի հետ, որ առաջարկվող տարբերակը սուպեր նախագահական կառավարում է ենթադրում:

-Օրերս հրապարակվեց ԼՂ-ում սահմանադրական փոփոխությունների անցկացման հայեցակարգը, որով առաջարկվում է կիսանախագահական գործող մոդելը փոխարինել նախագահական մոդելով՝ խորհրդարանական մոդելի տարրերով: Ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները:

- ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը պետական կառավարման համակարգի վերջնական ընտրության հարցում հաշվի է առել ոչ միայն հանձնաժողովի ներսում անցկացված քննարկումների արդյունքներն ու մասնագիտական խորհրդատվությունները, այլ նաև քաղաքական ուժերի տեսակետներն ու հանրության մեջ գերիշխող տրամադրությունները:

Հայեցակարգով առաջարկված նախագահական կառավարման մոդելը հնարավորություն է տալիս խուսափել գործադիր իշխանության երկակիությունից. հանրապետության նախագահը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում կառավարության գործունեության համար, ինչը, գործող սահմանադրությամբ բացակայում է:  Դրան զուգահեռ բարձրացվում է օրենսդիր մարմնի դերակատարությունը, իսկ նախագահ-խորհրդարան փոխհարաբերություններում կգործեն հակակշիռների ու զսպման ավելի արդյունավետ մեխանիզմներ: Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ առաջարկված մոդելն, իհարկե, դասակարգվում է որպես ընդգծված նախագահական, բայց դրանում չեն բացառվում և´ կիսանախագահական, և´ խորհրդարանական կառավարման համակարգի տարրեր: Այս սկզբունքը կիրառվել է՝ ելնելով Արցախի Հանրապետության առանձնահատկություններից. բնակչության թվաքանակ, փոքր տարածք, քաղաքական դաշտի կայացվածության աստիճան, «չհայտարարված պատերազմի» իրողություն և այլն:

- Քննարկումներում սկզբում խոսվում էր խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու մասին: Արդյո՞ք փոփոխությունը պայմանավորված է քառօրյա պատերազմով: Ապրիլյան իրադարձություններից հետո խոսվում էր այն մասին, որ խորհրդարանական կառավարման համակարգը չի ապահովի պետության կայունությունը: Դա՞ է պատճառը, որ ընտրվել է նախագահական մոդելը:

- Որևէ գաղտնիք չկա այն նախապատմության մեջ, որ սահմանադրական բարեփոխումների գործընթաց սկսելու փուլում մենք առավել հակված էինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ունենալ Հայաստանի Հանրապետությունում արդեն ընդունված խորհրդարանական կառավարման մոդելին համանման համակարգ, քանի որ երկու հայկական հանրապետությունների հանրային-քաղաքական համակարգերը չեն կարող իրարից հեռու լինել: Ապրիլյան պատերազմն, իհարկե, որոշ խմբագրումներ կատարեց սահմանադրական բարեփոխումների մեր տեսլականում, սակայն դա չէր միակ փաստարկը՝ նախագահական կառավարման մոդելին նախապատվություն տալու համար:  Կան մի շարք այլ հիմնավորումներ, որոնք չեն կարող հաշվի չառնվել սահմանադրական իրավակարգավորումների ժամանակ. օրինակ, գործադիր իշխանության կայունության կարևորությունը, խորհրդարանական կայուն մեծամասնության սկզբունքի կիրառման անհնարինությունն Արցախի դեպքում (Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը), սահմանադրական արդարադատության կայացման անհրաժեշտությունը և, վերջապես, երկրի առջև ծառացած մարտահրավերները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել