Հայաստանը՝ որպես պետություն ու հայկական գերատեսչությունները՝ որպես պետական ինստիտուտներ հաճախ չեն կարողանում հետևողականորեն պաշտպանել ազգային ու պետական շահերը։ Դրանում սուբյեկտիվ գործոնները իհարկե որոշակի դերակատարություն ունեն, բայց իմ խորին համոզմամբ, հիմնական խնդիրը կոմպետենտության ցածր աստիճանն է։ Այլ կերպ ասած՝ մարդիկ, ովքեր պատասխանատու պաշտոններ են զբաղեցնում տարբեր մարմիններում, պարզապես չեն իմանում, թե ինչ լեգալ պրոցեդուրաների է պետք դիմել, եթե ոտնահարվել են վերոնշյալ շահերը։

Լինի դա ԱԳՆ-ի պասիվ գործելաոճը, լինի դա Ապրիլյան պատերազմի նախորդող դիվանագիտական ձախողումները նույն ԵԽԽՎ-ում, լինի դա հետպատերազմական զարգացումները դիվանագիտական ու միջազգային իրավունքի հարթակներում։ Տո նույն Օլիմպիադայում գրանցված խայտառակ մրցավարության ու ՀԱՕԿ-ի և Ըմբշամարտի ֆեդերացիայի բացարձակ իներտությունը դրա վառ դրսևորում է։

Չեմ բացառում, որ այդ մարդիկ գուցե ուզում են ինչ-որ քայլեր ձեռնարկել, բայց հաճախ պարզապես չեն իմանում, թե ինչ է պետք անել, ինչպես և ինչ հասցեատերերի ուղղված պետք է լինեն այդ քայլերը։ Պատճառն էլ տիպիկ հայկական է․ այդ մարդիկ հաճախ հայտնվում են այդ պաշտոններում ոչ թե իրենց շնորհքների, կամ էլ պրոֆեսիոնալիզմի համար, այլ ԽԾԲ-ի, կուսակցական առաջխաղացման ու այլ նմանօրինակ մեխանիզմների հաշվին։ Անգամ եթե բնականոն ընթացքով են հայտնվում, ապա 100 չինովնիկից մեկն է զբաղվում մասնագիտական ինքնակրթությամբ ու մինչև վերջ չեն էլ յուրացնում ո՛չ իրենց գործառույթները, ոչ էլ իրավունքները։

Արդյունքում էլ պարբերաբար հայտնվում ենք իրավիճակներում, երբ հանրությունն ակնկալում է որոշակի գործողություններ ու արդյունքներ, բայց կառույցները, որոնք իրավասու են այդ գործողություններն անելու, սփխեչի ուլի նման նստում են ու բերանները ջուր են առնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել