Tert.am-ը գրում է.

Լուծումները, որոնք տրված են Լեռնային Ղարաբաղի նոր սահմանադրության հայեցակարգում, յուրօրինակ են․ դրանք տարբերվում են այն լուծումներից, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունում։ Tert.am-ի հետ զրույցում գնահատելով վերջերս հրապարակված ԼՂ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը՝ ասաց ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը, ով նաև եղել է Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ:


Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղի գործող Սահմանադրությունն ընդունվել է՝ հիմքում ունենալով 2005 թվականի Հայաստանի Սահմանադրությունը․«Բոլոր այն խնդիրները, որոնք առկա էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մակարդակում, առկա էին նաև Լեռնային Ղարաբաղում: Սա էր հիմնական պատճառը, որ որոշում է կայացվել փոխել Սահմանադրությունը, որպեսզի ձերբազատվեն հիմնական թերություններից․ դա թե՛ լիազորությունների կրկնությունն է՝  վարչապետի և նախագահի աշխատակազմի, թե՛ գործադիր իշխանության հետ կապված խնդիրն է. երբ նույն քաղաքական թիմից են, խնդիրներ չեն առաջանում, բայց բավական է, որ տարբեր քաղաքական ուժերից լինեն, խնդիրներ լինում են, իսկ Ղարաբաղի համար դա կարող է ճակատագրական լինել»,-ասաց Հրայր Թովմասյանը:


Նա նկատեց, որ Լեռնային Ղարաբաղի կառավարման համակարգի հետ կապված երեք լուծումներ կարող էին լինել: Առաջինը նա համարեց կիսանախագահական համակարգը մոդեռնիզացնելը։ «Որպեսզի այն բացասական կողմերը, որ կային, վերանային: Միջազգային պրակտիկան սակայն ցույց է տվել, որ դրա հնարավորությունները բավական սահմանափակ են, և միայն սահմանադրական կարգավորումները դրա համար բավարար չեն»,-ասաց նա:


Լուծման երկրորդ տարբերակը, ըստ Հրայր Թովմասյանի, կիսանախագահական համակարգից հրաժարվելն ու անցում կատարելն էր կա՛մ նախագահական, կա՛մ խորհրդարանական համակարգերին, որոնցով խնդիրներն ամբողջությամբ լուծվում են: «Այս երկու համակարգերը համարվում են դասական, և այն խնդիրները, որոնք կան կիսանախագահականում, այստեղ ձերբազատված են»,- ասաց նա:


Խորհրդարանական կառավարման համակարգից հրաժարվելը, Ղարաբաղի դեպքում, Հրայր Թովմասյանը ճիշտ է համարում:


«Հայտնի է, որ քաղաքական ուժերը տարբեր ժամանակահատվածներում կողմ են արտահայտվել, բայց այնուամենայնիվ Լեռնային Ղարաբաղի համար, որտեղ կա փոքր խորհրդարան, որտեղ 33 հոգի է, և թիվը էականորեն մեծացնելը հնարավոր չէ, կայուն խորհրդարանական մեծամասնության երաշխավորումը և այնպիսի դրույթների ամրագրումը, որոնք հնարավորություն կտան քաղաքական համակարգը կայուն պահել, պարզապես անկիրառելի և հնարավոր չէ: Եթե անգամ սահմանում ես 84 տոկոս, դա 1 պատգամավորի խնդիր է: Սա նշանակում է, որ խորհրդարանական համակարգը կարող է բերել անկայունություն․ երբ որ կառավարությունները շատ արագ փոխվեն, չի լինի կենտրոնադիր կառավարում, ինչը ԼՂ-ի համար շատ կարևոր է»,-ասաց նա։


Հրայր Թովմասյանը նկատեց, որ ԼՂ-ի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ամրագրված նախագահական համակարգը բավականին տարբերվում է դասական նախագահական համակարգի մոդելից․ այստեղ ներմուծված են պառլամենտարիզմի կարևորագույն էլեմենտներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել