Խորհրդարանը, բիզնեսը և քաղաքականությունը

Հերթական անգամ անդրառնալով ՀՀ ներքաղաքական նախկին և ներկա գործընթացներին, կառանձնացնեմ ՀՀ անկախության ընթացքում պատգամավորների պրոֆեսիոնալ և սիրողական գործունեություններից մի քանի մանրամասներ:

Պատգամավորների ընտրվելուն նախորդած ժամանակահատվածի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ ԳԽ-ի կազմում ընդգրկված են ամենամեծ թվով նորեկ պատգամավորներ: Պատգամավորների ավելի քան մեկ երրորդը ներկայացնում էր մտավորականությունը, այդ թվում` գիտնականներ, ուսուցիչներ և լրագրողներ: Մտավորականության մասնաբաժինը շարունակաբար նվազել է առաջին տասնամյակում և կայունացել երկրորդ տասնամյակի ընթացքում: ԳԽ-ի պատգամավորների մյուս մեծ խումբը բաղկացած է միջին օղակի չինովնիկներից, ովքեր նախկինում, ընդհանուր առմամբ, չեն ունեցել փորձառություն ներքաղաքականության ոլորտում: Նման ներկայացուցիչների քանակը զգալիորեն նվազել է հետագա գումարումների ԱԺ-ներում: Այս երկու խմբերից էլ որոշ անդամներ դուրս են եկել քաղաքականությունից երկրորդ փուլի խորհրդարանական ընտրություններից հետո: Մյուսները իրենց քաղաքական գործունեությունը դարձրին հիմնական զբաղվածություն` սկսելով քաղաքական կարիերա և կրկին հայտնվելով մեր տվյալների բազայում իբրև ընտրված կամ նշանակված պաշտոնյաներ:

Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների աճող համամասնությունը արտահայտվել է ինչպես խորհրդարանում, այնպես էլ կառավարությունում: Համամասնական ընտրակարգի ներմուծումը 2005թ.-ին և համամասնական տեղերի հետագա ավելացումը նպաստեցին այդ կոնտինգենտի էական նվազմանը, ինչով էլ բացատրվում է ԱԺ չորրորդ գումարման ժամանակ կուսակցական պատգամավորների աճող թիվը:

ՀՀ-ի համեմատությամբ ԼՂՀ խորհրդարանում գործարարների ներկայացվածությունը ավելի սահմանափակ է: Պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների աճող ազդեցությունը ՀՀ-ում զուգակցվում էր գործարարների համամասնության աճի հետ` սկսած 1990-ականների կեսերից և արդեն 2003- 2007թթ. ընթացքում ընդգրկում էր ԱԺ մեկ երրորդը: Այս աճի ցուցանիշին հասնելուց հետո նորեկ գործարար պատգամավորների մասնաբաժինը նվազել է: Սակայն այդ փոփոխությունը չի նշանակում, որ ընդհանրապես գործարար պատգամավորների թիվը նվազել է: Օրինակ` հինգերորդ գումարման պատգամավորների 6 %-ը գործարարներ են: Չնայած առկա օրենսդրական սահմանափակումներին, համաձայն որոնց պատգամավորները չեն կարող զբաղվել նաև ձեռնարկատիրական գործունեությամբ, գործնականում նրանք հաճախ շարունակում են ուղղակիորեն զբաղվել իրենց բիզնեսով և հանրային ընտրովի պաշտոնի կառավարման ժամանակահատվածում միայն ձևականորեն պատվիրակում են իրենց ընկերությունների և ակտիվների կառավարումը երրորդ անձանց: Սյս համամասնությունը վկայում է այն մասին, որ գործարար պատգամավորների զգալի մասը վերընտրվել է և շարունակում է իր կայուն տեղերն ապահովել խորհրդարանում:

Թեև գործարարները 1995թ͎ սկսած ներկայացված են կուսակցական ցուցակներում, նրանց համամասնությունը խորհրդարանում էապես աճել է վերջին տասնամյակում: Սակայն մեծամասնական ընտրատարածքներից ընտրված գործարարների մասնաբաժինը զգալիորեն չի փոխվել: Փոխարենն այս պատգամավորները դարձել են իշխող կուսակցությունները ներկայացնող գործիչներ։ Պատգամավորների այն մասը, ով զբաղվում է կուսակցության աշխատանքներով` այն համարելով հիմնական զբաղմունք, քիչ է աճել վերջին երկու գումարումների ԱԺ ժամանակահատվածներում: Քաղաքական կուսակցությունների, հատկապես իշխող` ՀՀԿ-ի հնարավորությունների ընդարձակումը՝ իրենց թեկնածուների վերընտրությունը ապահովելու առումով, միայն մասամբ կարելի է վերագրել օրենսդրության մեջ իրականացված փոփոխություններին: Այդ միտումներն ավելի ամրապնդվեցին հինգերորդ գումարման ԱԺ-ում, որտեղ համամասնական և մեծամասնական տեղերի հարաբերակցությունը նախորդի համեմատ չէր փոխվել:

Ի տարբերություն ՀՀ-ի՝ ԼՂՀ-ում կուսակցական կարիերան հազվադեպ է արդյունավետ ուղի համարվում թե՛ խորհրդարանում տեղ զբաղեցնելու և թե՛ քաղաքական էլիտայի մաս դառնալու համար: Քաղաքական էլիտան ավելի շուտ ձևավորվում է կառավարման և հանրային վարչարարության փորձ ունեցող բարձրաստիճան քաղաքացիական ծառայողներից: Այս միտումը կարող է փոխվել խորհրդարանում համամասնական տեղերի թվի աճի արդյունքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել