ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության երեկվա նիստում հռետորական հարցադրում է կատարել, թե ՛՛Ընդհանրապես այդ սխալ որոշումների համար ինչ-որ մեկը պետք է պատասխան տա՞, թե՞ ոչ՛՛:
Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Հայաստանի դեմ ընդունված վճիռներին:
Ըստ ամենայնի, ՀՀ վարչապետի խոսքը ներպետական դատական ատյանների կողմից թույլ տրված սխալ որոշումների մասին է:
Գտնում եմ, որ հարցադրումը բավականին վտանգավոր ու անթույլատրելի է ոչ միայն այն պատճառով, որ գործադիր իշխանության ղեկավարը փորձում է մեղավորներ փնտրել դատական իշխանության ոլորտում, այլև հենց դատական իշխանության բնականոն գործունեությունն ապահովելու և արդարադատություն իրականացնելու տեսանկյունից այն կարող է կաշկանդող հանգամանք հանդիսանալ:
Անհրաժեշտ է նախևառաջ արձանագրել, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող որևէ երկրում չկա այնպիսի ներդրված ու գործող մեխանիզմ, որը կենթադրի անհատական պատասխանատվություն դատական ակտ կայացրած դատավորի նկատմամբ, այդ թվում և ֆինանսական առումով:
Այսինքն, որևէ դատավորից որևէ գումար չի բռնագանձվում՝ սխալ դատական ակտ կայացնելու համար:
Այլ հարց է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կանոնակարգումները, որոնք գործում են նաև մեր երկրում՝ այդ թվում և աշխատավարձից որոշակի ժամկետով որոշակի պահումներ կատարելը, ինչը օրինաչափ երևույթ է:
Այդուհանդերձ, պետք է արձանագրել, որ արծարծվող խնդիրն իսկապես բարդ է. մի դեպքում դատական իշխանության կողմից ընդունված դատական սխալ ակտերի պատճառով պետությունը կրում է նյութական պատասխանատվություն, մյուս կողմից՝ նույն պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի մեխանիզմներ, որով անվերապահորեն կապահովվի ու կերաշխավորվի դատական իշխանության անկախությունն ու անձեռնմխելիությունը՝ այդ թվում նաև ֆինասնական առումով:
Անկախ փոխհատուցման հանգամանքից և չափից, պետությունը պարտավոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը հնարավորություն կտա դատավորներին իրականացնել իրապես արդարադատություն, ինչն էլ մեծ հաշվով հենց կնպաստի ՄԻԵԴ կողմից ՀՀ-ի դեմ ուղված վճիռների նվազեցմանը:
Այլ կերպ ասած, պետական իշխանության տարբեր թևեր ու ներկայացուցիչներ պետք է վերջ տան հնարավոր բոլոր ճնշումներն ու պատվերները դատական իշխանության նկատմամբ, ամբողջությամբ վերացնեն կոռուպցիոն մեխանիզմները, հենց իրենք չխախտեն ՀՀ քաղաքացիների իրավունքները, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի իսկապես կառուցել անկախ դատական համակարգ, իսկ դատավորները կիրականացնեն իրապես արդարադատություն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել