Ադրբեջանում ԻԻՀ արդեն նախկին դեսպան Մոհսեն Փակ Այինն իր պաշտոնավարության ավարտից հետո բավական ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Anaj» լրատվական գործակալությանը` մանրամասն անդրադարձ կատարելով նաև ադրբեջանական կողմի այն մեղադրանքներին, թե Իրանը ղարաբաղյան խնդրում պետք եղածի չափ չի աջակցում Ադրբեջանին:

Դեսպանն իր խոսքում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը հարևան է 15 պետությունների հետ, և Իրանի արտաքին քաղաքականության առավելություններից մեկն այն է, որ զերծ մնալով հարևանների` միմյանց միջև առկա վեճերից` յուրաքանչյուրի հետ ունի բարեկամական հարաբերություններ:

Մենք հարաբերություններ ունենք Աֆղանստանի և Պակիստանի հետ այն դեպքում, երբ նրանք հակամարտում են միմյանց դեմ: Մյուս կողմից լավ հարաբերություններ ունենք դարձյալ միմյանց դեմ հակամարտող Թուրքիայի և Իրաքի հետ: Նույնը վերաբերում է նաև մեր հյուսիս-արևմտյան հարևաններին: Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, հարաբերություններ ունենք նաև Հայաստանի հետ: Հարևանների հետ հարաբերություններում ձգտում ենք բացասական ազդեցություն չունենալ:

Բաքվի և Երևանի հետ հարաբերություններ ունենալը առավելություն է տվել մեզ` օգնելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և անհրաժեշտության դեպքում միջամտել` երկու երկների միջև բախումներ թույլ չտալու համար: Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Բայց երկու երկրները` Ադրբեջանն ու Հայաստանը, ընտրել են Մինսկի խմբի միջոցով հակամարտության լուծման մեխանիզմը: ... Տարածաշրջանի անվտանգության տեսակետից Իրանն այս հակամարտության երկարաձգումը ճիշտ չի համարում և պատրաստ է առաջարկել խնդրի լուծման համար իր օգնությունը, եթե իհարկե դա ցանկանան միաժամանակ երկու երկրները:»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել