Թուրքիան առաջարկել է Ռուսաստանին Ինջիրլիքի ռազմաբազան համատեղ օգտագործել Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում : Սա շատ վտանգավոր և խանդ առաջացնող քայլ է արդեն: Հայտնի է, որ 2015թ.-ի հուլիսին ԱՄՆ-ն և Թուրքիան պայմանագիր ստորագրեցին, որով Ինջիրլիքի ռազմաբազան բացվում է բոլոր այն երկրների ռազմական ուժերի համար, ովքեր կցանկանան համատեղ պայքարել ԻՊ- ի դեմ: Թուրքական դիվանագիտությունը՝ օգտագործելով այս պայմանագրի դրույթները , արդեն Ռուսաստանին առաջարկում է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազայի տարածքը համատեղության սկզբունքով: Հետաքրքրականն այն է, որ առաջարկը եղել է օգոստոսի 16-ին, սակայն ռուսական կողմի պաշտոնական արձագանքը եղել է այսօր և շատ դիվանագիտական: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության խորհրդի նախագահ Վիկտոր Օզերովը հայտարարել է, որ Թուրքիայի այս առաջարկը կարելի է դիտարկել որպես ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հերթական քայլ, սակայն այն իրենից չի պարունակում այս առաջարկի ընդունում, քանի որ դա կստացվի Ռուսաստանին մատուցել արջի ծառայություն: Ինչ է ստացվում, Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան ԱՄՆ-ին և կոալիցիոն ուժերին հանի ռազմաբազայից և ռազմաբազան ամբողջությամբ տրամադրի իրեն: Սա ակնհայտ է դառնում Օզերովի արտահայտած այն մտքից, որտեղ նա ասում է, որ Ռուսաստանը չի կարող ԻՊ-ի դեմ արդյունավետ պայքարել այն վայրից, որտեղից իրեն փորձելու են խանգարել:
Ռուսաստանը նաև հասկացրել է, որ կա այլընտրանք Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազային, դա Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան օդանավակայնն է, որն էլ Ռուսաստանը օգտագործում է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարում:
Այսպիսով Թուրքիան կամ պետք է բարելավի իր առաջարկը, որպեսզի Ռուսաստանը թողնի Իրանի օդնավակայնը և օգտագործի Ինջիրլիքի ռազմաբազան, որն էլ ավելի կսրի ԱՄՆ - Թուրքիա, ՆԱՏՕ- Թուրքիա հարաբերությունները, կամ էլ պետք է մեկ այլ առաջարկ հնարի Ռուսաստանին սիրաշահելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել